Զննում կատարելու կարգը քրեական դատավարության ըաթացքում

Քրեական վարույթի ընթացքում զննում կատարելու կարգը սահմանված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով: Զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը, ընթերակաների մասնակցությամբ:

Քննիչը զննում է տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները: Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում կատարում լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում և այլ տեսակի ամրագրում, որի մասին նշվում է արձանագրության մեջ: Ամրագրման արդյունք հանդիսացող նշված փաստաթղթերը կցվում են արձանագրությանը:

Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:

Քննիչն իրավունք ունի զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային:

Զննումն ավարտվելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է այն ամենը, ինչ հայտնաբերվել է, և այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ քննչական գործողության կատարման ժամանակ տարվել են հայտնաբերվածի դիտարկումները:

Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ և դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է նշվեն նաև համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները և ստացված արդյունքները։

Տեխնիկական միջոցներ կիրառելուց առաջ այդ մասին պետք է նախօրոք տեղյակ պահվեն քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք, իսկ արձանագրությունում պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել նշված անձինք։

Արձանագրությունն ստորագրում են քննիչը և քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել