Դուստրը սուտ մատնություն է կատարել հոր նկատմամբ

Հերմինե  Ա․-ն  2024 թվականի փետրվարի 6-ին իրենց տան նկուղում գտնվող և հորը պատկանող պահոցից հափշտակել է 45.000 դրամ։ Հոր և աղջկա միջև առաջացել է վիճաբանություն։ Այնուհետև Հերմինե  Ա․-ն հանցավոր մտադրություն է ձեռք բերել հորը չկատարված հանցագործության մեջ հանիրավի մեղադրելու։

Այս մասին Iravaban.net տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Նա ոստիկանությանը իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տրամադրել, թե իբր հայրը ոտքով մեկ անգամ հարվածել է իր որովայնի շրջանին, որից հետո ոլորել է աջ ձեռքի դաստակը՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հաստատվել է նշված հանցագործության կատարման բացակայությունը։

Գործը դատարան է ստացվել հունիսի 25-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին։

Հերմինե  Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասի  (Սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը) հատկանիշներով։

Նշված արարքը պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Հերմինե  Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել