Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու զինծառայողների ապահովագրության «Զինապահ» ազգային հիմնադրամի հետ համատեղ մշակված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։
Ըստ այդմ, հիմնադրամի շահառու հանդիսացող հաշմանդամության առաջին/երկրորդ խումբ կամ ֆունկցիոնալության խորը/ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն անձինք, ում առողջական վիճակի բարելավմամբ պայմանավորված՝ փոփոխվել է զինհաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, կշարունակեն հիմնադրամի կողմից հատուցման գումար ստանալ նախկին չափով:
Օրինակ, եթե՝ ֆունկցիոնալության ծանր սահմանափակման աստիճան ունեցող անձը գնահատման արդյունքում ճանաչվի ֆունկցիոնալության միջին սահմանափակման աստիճան ունեցող, ապա դա չի հանգեցնի հիմնադրամի կողմից հատկացվող գումարի դադարեցման:
Օրենսդրական փոփոխությանը տրվել է հետադարձ ուժ․ հիմնադրամը կվերահաշվարկի և միանվագ կերպով կփոխանցի ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումից ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ժամանակահատվածի համար օրենսդրությամբ սահմանված կարգով վճարված (դրամական աջակցության, զինկենսաթոշակի, պարգևավճարի հանրագումարը) և ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող զինծառայողների համար վճարման ենթակա հատուցման գումարների տարբերությունը։