Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան․ ՆԳՆ

Հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան: Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։

2015-ից 2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի անտառային տարածքներում գրանցվել է հրդեհի 244 դեպք, իսկ բուսածածկ տարածքներում՝ 35 353 դեպք։

Անտառամերձ և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար փրկարար ծառայության, ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով իրականացվում են մի շարք միջոցառումներ։

«Մենք իրականացնում ենք այդ տարածքների մշտադիտարկում ՝ ներառյալ անօդաչու թռչող սարքավորումներով, բարձրախոսերով և ԱԹՍ-ներով իրականացնում ենք իրազեկման աշխատանքներ, մարդաշատ վայրերում տեղադրում ենք հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ պաստառներ, մարդաշատ վայրերում բաժանում ենք թռուցիկներ»,-ասել է  ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արսեն Սարոյանը:

Անտառները կազմում են մեր հանրապետության տարածքի 11 տոկոսը։ Մասնագետները վստահեցնում են՝ անտառային հրդեհների առաջացման պատճառը հիմնականում մարդկային անզգուշությունն է։

Ուստի արգելվում է.
1) չնախատեսված տեղերում վառել խարույկ,
2) նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
3) վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել և օգտվել բաց կրակից,
4) այրել չոր խոտ կամ խոզան,
5) արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները՝ վերածվելով հրկիզող ոսպնյակների:

«Բացի հրդեհային օջախների կանխատեսումից, ստանում ենք նաև եռօրյա կանխատեսում՝ հրդեհային հնարավոր ռիսկերի մակարդակի վերաբերյալ։ Այս ամենին զուգընթաց՝ նվեր ենք ստացել հիդրոօդերևութաբանական կայան, որը տեղադրելով կոնկրետ տեղանքում, կարողանում ենք ստանալ իրական ժամանակում քամու ուղղությունը, քամու արագությունը, ջերմաստիճանային նշումները, կարողանում ենք դուրս բերել վառվող նյութի խոնավության տոկոսային հարաբերակցությունը»,-հայտնել է ՆԳՆ ՓԾ ՃԿԱԿ մոնիթորինգի և կանխատեսման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Տաթևիկ Սիմոնյանը:

Անտառային հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում պետք է փորձել հանգցնել այն: Կարելի է օգտագործել ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր:

Համոզվել, որ կրակը մարել է ու չի բորբոքվի, նոր միայն հեռանալ:

«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, անմիջապես զանգահարեք՝ 911։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 2023 թ. օգոստոսի 7-ին ստեղծվել է անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքային խումբ, որը ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել