Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  5 անդամի լիազորությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վաղաժամ դադարել են Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները:

Օրենքի շրջանակներում նրանց ավագանու կազմում փոխարինելու են Անժելա Գևորգի Մաթոսյանը, Նարեկ Հովհաննեսի Բեգզադյանը, Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը, Հայկ Ստեփանի Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում ավագանու մանդատները հանձնվել են խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին:

«Տեղի ունեցածը զուտ քաղաքական պրոցես է: Ինչպես հայտնի է, մենք կոալիցիոն հուշագիրը խզել ենք և հանդես ենք գալիս որպես ընդդիմադիր խմբակցություն: Հենց այս տրամաբանության մեջ որոշակի վերադասավորումներ ենք կատարել:

Ուզում ենք, որ խմբակցության աշխատանքը շատ ավելի արդյունավետ և որպես ընդդիմություն ավելի ամուր դառնա: Ես համարում եմ, որ մենք նախկին կազմով էլ լավ ենք աշխատել, հիմա էլ ավելի լավ ենք աշխատելու ի շահ գյումրեցու: Մենք մեր 11 մանդատով շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցում տեղի ունեցած փոփոխությունները պարզաբանեց Քնարիկ Հարությունյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել