Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարությունը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Այն նպատակ ունի նպաստել ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդի խրախուսմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանը։
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել՝
∙ ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում,
∙ մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում,
∙ ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,
∙ էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:
Նախագծի մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7483