Անտեսելով աղջկա դիմադրությունը, հրելով նստեցրել է ավտոմեքենան և իր հետ ամուսնության նպատակով առևանգել․ դատավճիռը հրապարակվել է

Արսեն Կ․-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա համագյուղացիներ Զավեն Ք․-ի և Նարեկ Բ․-ի հետ, Աշխեն Շ․-ին իր հետ ամուսնության նպատակով առևանգելու նախնական համաձայնությամբ, խմբով, 2023 թվականի դեկտեմբերի 13-ին, ժամը 11:45-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բակից, աղջկա կամքին հակառակ, հարկադրաբար նստեցրել է ավտոմեքենա և առևանգել նրան՝ տեղափոխելով այլ վայր:

Iravaban.netի փոխանցմամբ՝ գործը դատարան է ստացվել ապրիլի 9-ին և մակագրվել է դատավոր Վարդան Սուղյանին։

Մեղադրանքի փաստական նկարագրությունը հետևյալն է․

Արսեն Կ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա, համագյուղացիների հետ Վանաձոր քաղաքի շենքերից մեկի բակից, աղջկա կամքին հակառակ, նրա ցուցաբերած դիմադրությունը անտեսելով, հրելով, հարկադրաբար նստեցրել են LEXUS IS 250 մակնիշի ավտոմեքենան և Արսեն Կ․-ի հետ ամուսնության նպատակով առևանգել Աշխեն Շ․-ին՝ տեղափոխելով այլ վայր:

Մեղադրյալները միջնորդել են կիրառել արագացված վարույթ:  Նրանք հայտնել են, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված վարույթով դատաքննություն անցկացնելու հետևանքները, ներկայացված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ, ինչպես նաև հայտնել են, որ ներկայացված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում:

Դատարանը բավարարել է արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը և գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, որոշում է կայացրել լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին։

Ոստիկանությունից ստացված տեղեկանքների համաձայն՝ մեղադրյալները նախկինում դատվածություն չեն ունեցել։

Դատարանը վճռել է Արսեն Կ․-ին մեղավոր ճանաչել հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 տարի ժամկետով: Պատժի ժամկետի մեջ հաշվակցել նախաքննության ընթացքում 2 ամիս անազատության մեջ գտնված ժամանակահատվածը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 3 տարի 10 ամիս ժամկետով:

Դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով՝ Արսեն Կ․-ի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան բաժնի վրա՝ ըստ բնակության վայրի:

Զավեն Ք․-ն և Նարեկ Բ․-ն նույնպես մեղավոր են ճանաչվել, նրանց նկատմամբ նույնպես պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Դատավճիռը հրապարակվել է ապրիլի 30-ին։

Դատական ակտը բողոքարկվել է մեղադրողի կողմից է և ուղարկվել Վերաքննիչ դատարան։ Նախագահող դատավորն է  Արսեն Նիկողոսյանը, կազմում են՝ Մհեր Արղամանյանը և Մնացական Հարությունյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել