Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում քաղաքացիների և հովեկների անվտանգ հանգիստն ապահովելու նպատակով հուլիսի 7-ին ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունն իրականացրին ուժեղացված ծառայություն։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Մայրաքաղաքում փրկարար ծառայության և ոստիկանության զորքերի ծառայողները հատուկ տեխնիկայով նաև մասնակցեցին տոնական միջոցառումներին։
Այդ օրը բազմաթիվ քաղաքացիներ նաև մեկնում էին հանգստի գոտիներ:
Առավել ակնառու էր քաղաքացիների հոսքը դեպի Սևանա լիճ։
Փրկարարները, պարեկները, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա բաժինների, ինչպես նաև ոստիկանության զորքերի ծառայողները շարային ստուգատեսից և հրահանգավորումից հետո անցան ուժեղացված ծառայության։
Ուժեղացված ծառայությանն առաջին անգամ մասնակցում էր նաև Ջրային պարեկային ծառայությունը՝ Սևանա լճի ափամերձ գոտիներում և ջրում ապահովելով հասարակական անվտանգությունը։ Նրանք շրջում, վերահսկում, նաև քաղաքացիներին անընդմեջ իրազեկում էին անվտանգության կանոնների մասին։
Փրկարարները նույնպես իրականացրին շրջայցեր՝ բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերով հովեկներին պարբերաբար հիշեցնելով անվտանգության կանոնները:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների, մարզի պարեկների, ոստիկանության զորքերի ծառայողների շրջայցերը, ինչպես նաև հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումները հանգստյան գոտիներում արդյունավետ եղան՝ ապահովելով տոնական օրվա բնականոն ընթացքը։
Ի դեպ, Վարդավառի օրը փրկարարներն իրականացրին նաև հուշարձանների լվացման և տարածքների մաքրման աշխատանքներ։