Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ ավելի քան 120 մարդ է մահացել

Հնդկաստանում կրոնական հավաքի ժամանակ հրմշտոցի հետևանքով ավելի քան 120 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

Առնվազն 121 մարդ է մահացել Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում՝ Հաթրաս շրջանում, կրոնական հավաքի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։

Ողբերգությունը տեղի է ունեցել Ռատի Բհանպուր գյուղում, որի ծայրամասում մարդիկ հավաքվել էին լսելու հայտնի քարոզիչ Բհոլե Բաբային։ Նման կրոնական հանդիպումները կոչվում են սատսանգ:

Զոհերի ինքնությունը պարզելու գործընթացը, որոնցից շատերը կանայք են, նաև՝ երեխաներ, դեռ շարունակվում է։

Երեքշաբթի օրը տեղական իշխանությունները հայտնել էին առնվազն 116 զոհերի մասին, առավոտյան հայտնի է դարձել, որ զոհերի թիվը հասել է 121-ի։ Եվս 28 մարդ վիրավորվել է։

Ուտար Պրադեշի կառավարության ղեկավար Մանոյ Կումար Սինգհի խոսքով՝ զոհվածների թվում կան 108 կին և յոթ երեխա։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է ֆինանսական օգնություն ցուցաբերել հրմշտոցի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին։

Անհասկանալի է, թե կոնկրետ ինչն է հանգեցրել հրմշտոցի։ Ականատեսների վկայությամբ՝ ելքը չափազանց նեղ է եղել, և երբ մարդիկ հեռանում էին միջոցառումից, ուժեղ փոշու փոթորիկը խառնաշփոթ ու խուճապ է առաջացրել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են ոտնահարվել։

Հաթրասի ոստիկանական բաժանմունքի պատասխանատու Աշիշ Կումարն ասել է, որ հրմշտոցը տեղի է ունեցել այն պատճառով, որ միջոցառման համար շատ մարդիկ են հավաքվել:

«Այցելուների թիվը գերազանցել է վարչակազմի կողմից թույլատրված սահմանը, ինչը հանգեցրել է հրմշտոցի», – ասվում է նահանգի կառավարության տարածած հայտարարության մեջ:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել