AMCA-ն արբիտրների և փաստաբանների վերապատրաստման դասընթաց է անցկացրել

Հունիսի 22-ին և 23-ին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) անցկացրեց Կենտրոնի արբիտրների և փաստաբանների համար վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ ուղղված նրանց մասնագիտական որակավորման բարձրացմանը, նոր հմտությունների ձեռքբերմանն ու գիտելիքների բարելավմանը, որին մասնակցում էին շուրջ 20 արբիտր և փաստաբան։

Դասընթացի ժամանակ քննարկվեցին արբիտրի դերը և պարտականությունները, վարքագծի կանոնները, բացարկ հայտնելու հիմքերը, արբիտրաժային գործի կառավարման խորհրդակցություն անցկացնելու ընթացակարգը, արբիտրաժային նիստին պատրաստվելն ու այն անցկացնելու գործընթացը, արբիտրաժային գործի վարույթը՝ ըստ AMCA-ի արբիտրաժային կանոնների, և այլ մասնագիտական թեմաներ։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանն իր խոսքում նշեց. «Այսպիսի միջոցառումները հնարավորություն են տալիս մասնագետներին ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլ նաև կիսել իրենց փորձառությունը և ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ՝ նպաստելով արբիտրաժի և հաշտարարության մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Վստահ ենք, որ այս դասընթացը մասնակիցներին կօգնի ձեռք բերված գիտելիքները կիրառել իրենց ամենօրյա պրակտիկայում` նպաստելով վեճերի լուծման արդար և արդյունավետ մեխանիզմների զարգացմանը Հայաստանում և տարածաշրջանում»։

Օրվա առաջին հատվածում ներկայացվեց արբիտրի դերի և պարտականությունների, վարքագծի կանոնների, AMCA-ի Արբիտրաժային կանոնների, բացարկ հայտնելու հիմքերի մասին մանրամասն տեղեկատվություն։ Իսկ երկրորդ հատվածում` AMCA-ի Արբիտրաժային խորհրդի անդամ, Ի.գ.թ, Լոնդոնի Քինգս քոլեջի դասախոս Հայկ Կուպելյանցը ներկայացրեց արբիտրաժային գործի քննությունը, ընթացակարգի մանրամասները։ Քննարկվեցին նաև արբիտրաժային նիստի նախապատրաստման, իրականացման, ապացույցների գնահատման և արբիտրաժային վճռի նախագծման հիմքերը։ Առաջինը օրն ամփոփվեց մասնակիցների և բանախոսի միջև հարց ու պատասխանով և մասնագիտական քննարկմամբ։

Դասընթացի երկրորդ օրվա մեկնարկը տվեց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ով ներկայացրեց AMCA-ի Արբիտրաժային կանոնների հիման վրա արբիտրաժային վարույթի իրականացման մանրամասները։

Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում անդրադարձ կատարվեց արբիտրաժային վարույթի փուլերին, այդ փուլերում արբիտրների և Կենտրոնի կողմից իրականացվող գործողություններին, ինչպես նաև այնպիսի արբիտրաժային վճիռ կայացնելուն, որը ենթակա չի լինի չեղյալ ճանաչման: AMCA-ի կողմից մշակված ձևաթղթերը, ինչպիսիք են գործի քննության ընթացակարգի արձանագրության, արբիտրաժային վճռի և այլ փաստաթղթերի տիպային օրինակները, ևս ներկայացվեցին և քննարկվեցին: Օրվա երկրորդ հատվածում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել մի քանի գործնական իրավիճակներ, որոնք վերաբերում էին արբիտրաժային համաձայնության վավերությանը, ՀՀ-ում արբիտրաժային կարգով քննության ենթակա հարցերի շրջանակին, արբիտրաժային վճռի չեղյալ ճանաչման հիմքերին և այլ հարցերին: Դասընթացն ավարտվեց քննարկմամբ և հարցուպատասխանով։

AMCA-ն մշտապես կարևորում է վերապատրաստման դասընթացների միջոցով անհատներին և մասնագետներին գիտելիքներով և հմտություններով վերազինումը, հաճախ կազմակերպում է կրթական դասընթացներ՝ այդպիսով նպաստելով արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել