ՀՀ գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը համարվում է 18 տարեկանը, որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:
Ընտանեկան և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
Նշվեց, որ խնդիրը դեռևս 7-րդ գումարման խորհրդարանում է ուշադրության արժանացել, իրականացվել են ուսումնասիրություններ, շահագրգիռ բոլոր կողմերի հետ կազմակերպվել են քննարկումներ և խորհրդարանական լսումներ:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորել է փաթեթի ընդունումը, նշել, որ սա առաջին քայլն է՝ ցույց տալու նաև պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ:
«Պետությունն իր վերաբերմունքը պետք է արտահայտի այն հանգամանքի նկատմամբ, որ առնվազն չի խրախուսում երեխայի, մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է, ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- ասաց փոխնախարարը:
Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: