ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 122 մլն 993 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գրասենյակային հատվածի, օժանդակ սենյակների և դահլիճի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերմանը:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ադմինիստրատիվ կազմի համար նախատեսված գրասենյակային հատվածի հիմնանորոգումից հետո (գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության 22.12.2022թ․–ի N 2043-Ն որոշմամբ) առկա է նաև ՊՈԱԿ–ի ստեղծագործական անձնակազմի համար նախատեսված հին և անմխիթար վիճակում գտնվող փորձասենյակների հիմնանորոգման, ինչպես նաև համերգասրահը նոր փորձասենյակներով համալրելու անհրաժեշտությունը։ Համերգասրահում համերգների և մշակութային իրադարձությունների այլընտրանքային վայր ունենալու նպատակով նշված հատվածում նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում հանդես գալու կամերային, նոր ֆորմատի համերգային և կրթական ծրագրերով, թեմատիկ զրույցներով և այլն։
Նախատեսվում է նաև նորոգել համերգասրահի աստիճանավանդակներից մեկը և համերգասրահի ստորգետնյա այն հատվածը, որտեղ իր գործունեությունն է ծավալում Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն» անսամբլը։ Այդ տարածքում անհրաժեշտություն կա փորձասենյակների, հանդերձարանների և սանհանգույցների նորոգման, ինչպես նաև տարածքը նոր ընդարձակ հանդերձարաններով համալրման, ինչը թույլ կտա հետագայում ոչ միայն անվանի արտիստներին, այլև երգչախմբերին և այլ մեծ կոլեկտիվներին հավուր պատշաճի ապահովել համապատասխան հանդերձարաններով։
Նախատեսվում է նորոգել նաև համերգասրահի 1-ին և 2-րդ հարկերի ճեմասրահները, ինչպես նաև դահլիճում կատարել թատերահարթակի և պարտերի ընթացիկ նորոգման և ամֆիթատրոնի, թատերահարթակի, աջ ու ձախ օթյակների բազրիքների փափուկ հատվածների նորոգման, բեմի դիմային հատվածի հիմնանորոգման և կողային հատվածների երեսպատման աշխատանքներ։
Կատարվելիք աշխատանքների արագ և համալիր իրականացումը կարևոր է ոչ միայն «Արամ Խաչատրյան» համերգասրահի բնականոն գործունեության համար, այլև մշակութասեր հասարակությանը լիարժեք, հագեցած և պատշաճ մակարդակով ներկայանալու տեսանկյունից։