ԿԳՄՍ նախարարը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի մասին

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների կրթության իրավունքի ապահովման վերաբերյալ Ժաննա Անդրեասյանն իրազեկել է, որ շուրջ 17000 երեխաներ հաճախում են ՀՀ դպրոցներ:

Սեղմ ժամկետում գործարկվել են բուհերի, քոլեջների և ուսումնարանների սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագրերը, որոնք հնարավորություն են բռնի տեղահանված ԼՂ հայրենակիցներին Հայաստանում իրացնել կրթության իրավունքը բոլոր մակարդակներում:

«Քոլեջներում և ուսումնարաններում ունենք 1160, իսկ բուհերում՝ 2065 տեղահանված ուսանող: Ֆինանսական աջակցություն է տրվել նաև բռնի տեղահանված ընտանիքների այն ուսանողներին, որոնք Հայաստանի բուհերի, քոլեջների և ուսումնարանների ուսանողներ էին»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների համար գործարկվել է ուսուցիչների գործուղման ծրագիրը, որը նրանց հնարավորություն է տվել արտամրցութային կարգով աշխատել Հայաստանի մի շարք մարզային դպրոցներում:

«Այս պահի դրությամբ 353 ուսուցիչ գործուղվել է մարզային բնակավայրերի դպրոցներ. աշխատավարձից բացի՝ նրանք ստանում են  30 տոկոս հավելավճար, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի որոշ համայնքներում՝ նաև լրացուցիչ 50000 դրամ հավելավճար: Որոշ ուսուցիչներ էլ աշխատանքի են անցել ընդհանուր հիմունքներով. ՀՀ դպրոցներում, ընդհանուր առմամբ, 500 ուսուցիչներ են աշխատում»,- եզրափակել է նախարարը:

Նախարարը կատարողականի հաշվետվության ներկայացումից հետո պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերել են ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, կապիտալ ծրագրերի իրականացմանը, նոր դասագրքերի ստեղծմանը, գիտության ոլորտի ֆինանսավորմանը, կինոյի ոլորտում ներդրումների վերադարձի մեխանիզմների ներդրմանը և ոլորտային այլ ծրագրերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել