ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայիլ Զիբերտին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։
Մտքեր են փոխանակվել գործընկերության նոր օրակարգի շուրջ:
«Մենք լիահույս ենք, որ այս նոր օրակարգը կներառի բոլոր առանցքային բաղադրիչները և գործիքակազմը՝ գործընկերության զարգացման դինամիկային ու նպատակներին, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ուղղուն համահունչ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:
Կարևորվել է ինչպես ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շարունակական կյանքի կոչումը, այնպես էլ դրանից անդին առկա հնարավորությունների առավելագույնս իրացումը:
Արարատ Միրզոյանը և Միխայիլ Զիբերտը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը, ՀՀ դիմակայության ամրապնդման ուղղությամբ քայլերին, տնտեսական ոլորտում համագործակցության հարցերին: