Ապառիկ վաճառված ապրանքի համար վճարելը

Քաղաքացիական օրենսգրքի հոդված 504-ը նախատեսում է ապառիկ վաճառված ապրանքի համար վճարելը

1. Այն դեպքում, երբ առուվաճառքի պայմանագրով նախատեսված է ապրանքի համար վճարել այն գնորդին հանձնելուց որոշակի ժամանակ հետո (ապրանքի ապառիկ վաճառք), գնորդը պարտավոր է վճարել պայմանագրով նախատեսված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ նախատեսված չէ պայմանագրով` օրենսգրքի 352 (պարտավորության կատարման ժամկետի մասին) հոդվածին համապատասխան որոշվող ժամկետում:

2. Ապրանքների ապառիկ վաճառքը կատարվում է վաճառքի օրվա գներով: Ապառիկ վաճառված ապրանքների գնի հետագա փոփոխությունները վերահաշվարկի չեն հանգեցնում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Վաճառողի կողմից ապրանքը հանձնելու պարտականությունը չկատարելու դեպքում կիրառվում են օրենսգրքի 367 հոդվածով (Պարտավորությունների հանդիպական կատարումը) նախատեսված կանոնները:

4. Այն դեպքում, երբ ապրանք ստացած գնորդն առուվաճառքի պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում դրա համար, վաճառողն իրավունք ունի պահանջել վճարելու հանձնված ապրանքի համար կամ վերադարձնելու չվճարված ապրանքը:

5. Եթե գնորդը պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարում հանձնված ապրանքի համար, և այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ առուվաճառքի պայմանագրով, կետանցի գումարին, օրենսգրքի 411 հոդվածին (Պարտավորություն՝ դրամական պարտավորությունը չկատարելու համար) համապատասխան, ենթակա են վճարման տոկոսներ` սկսած այն օրվանից, երբ պայմանագրի համաձայն, ապրանքի համար պետք է վճարված լիներ մինչև գնորդի կողմից ապրանքի համար վճարելու օրը:

Պայմանագրով կարող է նախատեսվել ապրանքի գնին համապատասխանող գումարին տոկոսներ վճարելու գնորդի պարտականությունը` սկսած վաճառողի կողմից ապրանքը հանձնելու օրվանից:

6. Ապառիկ վաճառված ապրանքը գնորդին հանձնելու պահից մինչև դրա համար վճարելը համարվում է վաճառողի մոտ գրավ դրված` ի ապահովումն ապրանքի համար վճարելու գնորդի պարտավորության կատարման, եթե այլ բան նախատեսված չէ առուվաճառքի պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել