«Ընդամենը ամբողջ կյանքում եղել ես դեկանի տեղակալ»․ Գևորգ Պետրոսյանը՝ ֆակուլտետի դեկանի ընտրության արդյունքների մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան է ընտրվել Հարություն Խաչիկյանը։ Երկու թեկնածուներից՝ Գևորգ Պետրոսյանի օգտին քվեարկել է 8, իսկ Հարություն Խաչիկյանի օգտին՝ 59 հոգի։

Ընտրության արդյունքների վերաբերյալ Iravaban.net-ը խոսել է իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի  հետ․ «Ի՞նչ պետք է ասեմ, երկուսն էլ օգտվել էին մեր սահմանադրական իրավունքից։ Հիմա այսպես է ստացվել, չեմ ուզում պիտակավորել որևէ անձի, դե, եթե ինքը ստանձնել է այդ պատասխանատվությունը, մնում է, որ կրի այն»։

Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի Հարությունի Խաչիկյանի՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվելու վերաբերյալ, Պետրոսյանը պատասխանեց․  «Ես ընտրվելու հետ կապված ոչինչ չեմ ասել, որովհետև ընտրությունը գիտեմ, ըստ գործող կարգի՝ փակ, գաղտնի է, ես չեմ կարող հիմա կոնկրետ ասել այդ ձայնն իրենը չէր, մյուսը իմն էր, ես իրավաբան եմ և զգուշավոր եմ իմ արտահայտություններում․ չի կարելի անվանարկել որևէ մեկին, եթե դրա փաստը, հիմքը դու չունես։ Պարզապես, իրեն մաղթում եմ հաջողություն իր որոնումներում, ինքը վերջապես հասավ իր բաղձալի երազանքին՝ դառնալ Իրավագիտության ֆակուլտետի դեկան, մնացածն արդեն իր պատասխանատվության տիրույթում է, ինքը պետք է փորձի ֆակուլտետի աշխատանքն այնպես կազմակերպել, որ եթե իր նկատմամբ իրականում եղել է այդպիսի ահռելի վստահություն, ինքը չմսխի այդ վստահությունը։

Հարցին՝ ինչով էր պայմանավորված նրա՝ այդքան քիչ ձայներ ստանալը, վերջինս պատասխանեց․ «Ես ասեկոսեներ լսել գիտեմ, բայց դրանցով ղեկավարվել չգիտեմ, ասեկոսեների համաձայն՝ հրահանգ էր իջեցված, որ պիտի Պետրոսյան Գևորգը չընտրվի, բայց դրանք ասեկոսեներ են, ես չեմ կարող դա որպես փաստ ներկայացնել։ Ես չեմ ուզում իմ և Խաչիկյան Հարությունի միջև ինչ-որ զուգահեռներ անցկացնել, բայց ես իրեն միայն գիտական աստիճանով եմ զիջել, ինքը դոկտոր-պրոֆեսոր է, ես՝ գիտությունների թեկնածու, դոցենտ»։

Գևորգ Պետրոսյանը հավելեց․ «Գիտե՞ք՝ ինչն է ամոթալին, առանց անհարմար զգալու, Ղազինյան Գագիկը կանգնում, հայտարարում է խորհրդի նիստում, ես զարմանում եմ, էդ մարդը վերջերս սկսել ա իրեն հաշիվ չտալը հայտարարությունների համար, ասում է՝ Խաչիկյան Հարութը երբեք ոչ մի այլ տեղ չի աշխատել, միայն ֆակուլտետին է ծառայել, այսինքն՝ ես էլ մեղավոր եմ, որ նախարար եմ եղել, մեղավոր եմ, որ պատգամավոր եմ եղել, որ 31 տարեկանում եղել եմ գործադիր քարտուղար, 36 տարեկանում վերահսկիչ պալատում վարչության պետ։ Համ ասում են գիտությունը պրակտիկային մերձեցնենք, համ էլ համարում են պրակտիկ աշխատելը թերություն։ Դե թող մի հատ նախարար էլ Խաչիկյան Հարութը լիներ, որը աշխատանքային գրքույկը տապանաքարի մակագրություն է, աշխատել է դեկանի տեղակալ։ Եթե պետությունը քեզ չի գնահատել որևէ ասպարեզում, ընդամենը ամբողջ կյանքում եղել ես դեկանի տեղակալ, դե հիմա էլ բաղձալի երազանքն իրականացավ, ողջունում եմ իրեն, մնաց պատասխանատվության տակից դուրս գա»։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ակնհայտ էր ֆակուլտետի արդեն նախկին դեկան Գագիկ Ղազինյանի ուղղորդված վերաբերմունքը։

«Եթե մի քիչ ավելի խելացի լիներ, կասեր՝ գիտեք ինչ, երկու թեկնածուն էլ իմ դասավանդման օրոք են ֆակուլտետում եղել, ես դասավանդել եմ, երկուսի կյանքում էլ ներդրում ունեմ, ես խնդրում եմ խորհրդին հավասար, չտարբերակված մոտեցում ցուցաբերել, բայց մարդը ուրիշ բան չունի ասելու։ Մարդիկ, եթե չեն ունենում պարծենալու համար առավելություններ, ստիպված պարծենում են իրենց դժբախտություններով։ Լավ կլինի՝ Ղազինյանը մի հատ էլ ընդունվի իրավաբանական, էս ուշ տարիքում ավարտի»։

Նշենք, որ Հարություն Խաչիկյանը 1994 թվականից զբաղեցնում էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել