Վարչապետ Փաշինյանի նախագահությամբ Ալմաթիում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Ալմաթիում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նախ կայացել է խորհրդի նեղ կազմով նիստը, այնուհետև աշխատանքները շարունակվել են ընդլայնված կազմով: Տեղի է ունեցել նաև նիստի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:

Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է նիստի մասնակիցներին և ցավով նշել, որ Բիշքեկի ՋԷԿ-ում առաջացած արտակարգ իրավիճակի պատճառով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Աքիլբեկ Ուսենբեկովն այսօր առավոտյան շտապ մեկնել է Բիշքեկ։ «Համոզված եմ, որ մոտ ապագայում խնդիրը լուծում կստանա։ Մեր կողմից անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած օգնություն և աջակցություն՝ վթարի բոլոր հետևանքներն արագ վերացնելու համար։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովին՝ ջերմ ընդունելության և այսօրվա միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Հուսով եմ, որ այս տարի մենք կկարողանանք զգալի առաջընթաց արձանագրել ԵԱՏՄ հիմքում ընկած առանցքային սկզբունքների իրականացման ուղղությամբ գործնական քայլերի շրջանակներում՝ հաշվի առնելով Հայաստանի նախագահության նախանշած առաջնահերթությունները, ԵԱՏՄ-ի միջազգային հարաբերությունների զարգացում, ներքին շուկայում խոչընդոտների վերացում, անդամ երկրների ՏՏ համայնքների թվայնացման և համախմբման ջանքեր՝ տնտեսության բարձր տեխնոլոգիական ոլորտների ակտիվ զարգացման նպատակով։

Բացի այդ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն էլեկտրաէներգիայի և էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների աքսելերացիայի գործընթացն արագացնելու ուղղությամբ։

Տնտեսական համագործակցության մեկ այլ առանցքային տարր է տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը, տարանցիկ ներուժի և ԵԱՏՄ աշխարհագրական դիրքի հնարավորությունների առավելագույն օգտագործումը։

Ոչ պակաս կարևոր եմ համարում նաև բնակչության համար բարձրորակ և անվտանգ սննդամթերքի կայուն հասանելիության ապահովումը։

Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ նշեմ, որ ԵԱՏՄ շրջանակներում հավասար համագործակցության զարգացումն, ի վերջո, պետք է ծառայի բիզնես վարելու հարմարավետ պայմանների ստեղծմանը և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը։

Ակնկալում եմ ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցությունն ու աջակցությունը 2024 թվականին Հայաստանի նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում, որոնք ամփոփվել են ԵԱՏՄ պետությունների ղեկավարներին ուղղված իմ ուղերձում։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահին խոսքը փոխանցելուց առաջ թույլ տվեք մաղթել Ձեզ, Բակիտժան Աբդիրի, հաջողություն Ձեր պատասխանատու պաշտոնում։

Համոզված եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի ԵԱՏՄ ներուժի հետագա աճին ուղղված համաձայնեցված որոշումների մշակմանը և իրականացմանը, այս գործընթացում կարող եք վստահորեն ապավինել մեր աջակցությանը»։

Տեղի ունեցած քննարկումներից հետո կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որի ընթացքում ևս վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ,

Նիստի հարգելի մասնակիցներ,

Նախ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ղազախստանցի գործընկերներին՝ ջերմ ընդունելության ու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի և Թվային ֆորումի կազմակերպման համար։ Վստահ եմ, որ «Digital Almaty 2024» ֆորումի քննարկումներն ու եզրակացությունները կծառայեն թվային տեխնոլոգիաների և նորարարությունների լայնածավալ ներդրմանը, օգտակար և պահանջված կլինեն այս ուղղությամբ կանխատեսումների և շարժերի համար։

Ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության կառավարության ղեկավար, հարգելի Աբդուլա Նիգմատի Արիպովին, Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ հաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախագծերի շրջանակներում դիտորդ պետությունների հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հիմնական տնտեսական ցուցանիշների և անդամ երկրների միջև փոխգործակցության ելակետային հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեգծով։

Այսպես, 2023 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ Ընդ որում՝ արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։

Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը։

ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։

Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։

Ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան այս ոլորտի օրենսդրական կարգավորումը։ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզը, մեր կարծիքով, արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։

Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում իրականացվող ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները։

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ նաև նշել, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հարցերի քննարկմանը զուգահեռ մեր ուշադրության կենտրոնում են փոխգործակցության ուղղությունները, որոնց համար անհրաժեշտ է ձևավորել ընդհանուր շուկաներ։

Չնայած այն հանգամանքին, որ 2025թ.-ին նախատեսվում է սկսել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այս պահի դրությամբ ակնհայտ է, որ անդամ պետությունների միջև չկա հստակ միասնական մոտեցում՝ ընդհանուր էներգետիկ շուկա կառուցելու և զարգացնելու հեռանկարների առումով։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, առանց բացառության, էներգետիկ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առանցքային առավելություններ կտա՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Սա հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ մեր երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը։

Ողջունում ենք նաև տրանսպորտի ոլորտում ԵԱՏՄ ընթացիկ օրակարգի շրջանակներում իրականացվող և ծրագրված փոխշահավետ համատեղ նախագծերի մշակման աշխատանքների ակտիվացումը, ինչն, անկասկած, փոխգործակցության մակարդակի վրա և կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։

Վերջում կցանկանայի նշել, որ հայկական կողմը ԵԱՏՄ մարմիններում իր նախագահության շրջանակներում կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել՝ ի նպաստ չորս ազատությունների գործնական առաջընթացին ուղղված նախաձեռնությունների և ի շահ մեր երկրների քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը»:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր, որոնք վերաբերել են էլեկտրոնային առևտրին, մաքսային կարգավորումներին, ավիահաղորդակցությանը, ռիսկերի կառավարմանը, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներին, երկաթուղային ենթակառուցվածքների և մուլտիմոդալ փոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Կառավարությունների ղեկավարները ստորագրել են նիստի ընթացքում համաձայնեցված փաստաթղթերն ու արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին` Բելառուսում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել