Հունվարի 31-ին Աշոցքում օդի ջերմաստիճանը եղել է -32

Հանրապետությունում հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը եղել է կլիմայական նորմայից բարձր 4-6 աստիճանով։ Ամսվա ընթացքում առավելագույն ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության տարածքում գրանցվել է Կապանում՝ հասնելով +22 աստիճանի։ Տաք հունվարն ուղեկցվել է նաև առատ տեղումներով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ հունվարի 1-25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է անոմալ բարձր ջերմային ֆոն։

«Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-10 աստիճանով։ Եվ միայն հունվարի 25-ից արկտիկական օդային սառը հոսանքի ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բավական նվազեց։ Մասնավորապես՝ հունվարի 31-ին Աշոցքի հատվածում գրանցվեց այս ձմռան ընթացքում հանրապետության ամենացածր ջերմաստիճանը՝ -32»,-ասաց Գագիկ Սուրենյանը։

Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, որը գտնվում է ծովի մակերևույթից 3229 մ բարձրության վրա, ձյան ծածկի բարձրությունը կազմում է 161 սմ, Ամբերդի հատվածում՝ 107 սմ, բնակավայրերից ամենաբարձր ձյան ծածկը Ջերմուկում է՝ 95 սմ։

Գագիկ Սուրենյանի խոսքով՝ դեկտեմբեր, հունվար ամիսներին գյուղատնտեսական տեսանկյունից որևէ վտանգավոր երևույթներ չեն արձանագրվել։ Ավելին՝ հունվարի վերջին դիտված ձյան առատ տեղումները բավական դրական ազդեցություն թողեցին հատկապես աշնանացան ցորենի վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել