Նախատեսվում է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը

ՀՀ վարչապետի աշխատակազմը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 162 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է վերանայել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու ամսաթիվը:

Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում կարող են նշվել նաև ավանդական և եկեղեցական տոներ, միջազգային օրեր, իսկ կառավարության որոշմամբ՝ մասնագիտական և այլ տոներ ու հիշատակի օրեր»: Նշված դրույթի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է որոշում (2002 թվականի փետրվարի 21-ին), համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ դեկտեմբերի 20-ին:

2024 թվականի հունվարի 8-ին Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-1-Ն, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-2-Ն և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-3-Ն օրենքները, որոնցով, ըստ էության, համակարգային փոփոխություններ են նախատեսվել Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմի նշանակման և ծառայության կազմակերպման կարգի մասով, ինչն էլ հիմք ընդունելով, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշել յուրաքանչյուր տարի՝ հունվարի 8-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել