Հնարավո՞ր է բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին

Վարչական վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս` կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե`

ա) առկա է հետևյալ հիմքերից որևէ մեկը.

    • վարույթի մասնակից է.
    • վարույթի մասնակիցներից որևէ մեկի ներկայացուցիչն է.
    • աշխատում է վարույթի մասնակիցներից որևէ մեկի մոտ.
    • վարույթի մասնակիցներից որևէ մեկի կամ նրա ներկայացուցչի ազգականն է` զավակը, ծնողը, հարազատ հայրը կամ մայրը, եղբայրը կամ քույրը կամ նրանց զավակը, հորեղբայրը կամ հորաքույրը կամ նրանց զավակը, մորեղբայրը կամ մորաքույրը կամ նրանց զավակը, ամուսինը (ընդ որում, ամուսնալուծության փաստը սույն կետով նախատեսված հիմքը բացառող հանգամանք չէ), փեսան, հարսը, ամուսնու ծնողները կամ նրանց զավակը կամ եղբայրը կամ քույրն է.
    • նախկինում մասնակցել է տվյալ գործի քննարկմանը:

բ) մինչև գործի քննարկման ավարտը, տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը հրապարակայնորեն արտահայտվել է գործի հնարավոր ելքի մասին կամ գնահատական է տվել գործի փաստական հանգամանքներին կամ, մինչև ապացույցների հետազոտումը, կանխավ գնահատական է տվել դրանցից որևէ մեկին.
գ) տվյալ պաշտոնատար անձը կամ կոլեգիալ կազմի անդամը երբևէ գործել է ի շահ վարույթի մասնակիցներից որևէ մեկի.
դ) առկա են այլ հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով` տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ:

Բացարկը կարող է հայտնվել մինչև վարչական վարույթն ավարտվելը` վարույթի այն փուլում, երբ բացարկ հայտնողին հայտնի է դառնում վերը նշված որևէ հիմքի առկայությունը:

Նույն պաշտոնատար անձին կրկին հայտնված բացարկը կարող է քննարկվել, եթե դրանում մատնանշված են նոր հիմքեր կամ նոր փաստեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել