Մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության վերաբերյալ վարույթով ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է. ՔԿ

2024թ հունվարի 9-ին` ժամը 06:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կարեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Մասնավորապես քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու ԿԿ-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ ՆԽ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հարցի շուրջ։ 

Դիտորդի ծառայությունը հանձնելուց հետո ժամկետային զինծառայողը մտել է գետնատնակ և իրեն ամրակցված ինքնաձիգից կրակահերթ է արձակել այնտեղ գտնվող Կ.Կ.-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ 

ՆԽ-ն նույն օրը ձերբակալվել է։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել