Ներկայացվել է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը․ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 6-ին

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, շարունակվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանի և իրավաբանական բաժնի նախկին պետ Արևհատ Հովհաննիսյանի գործով դատական նիստը։

Ինչպես արդեն փոխանցել ենք՝ նիստի սկզբում Մամիկոն Ասլանյանի պաշտպան Արտակ Ոսկանյանը միջնորդեց փոխարինել Վանաձորի նախկին համայնքապետի համար ընտրված խափանման միջոց կալանքը վարչական վերահսկողությամբ և գրավով փոխարինել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ Մամիկոն Ասլանյանն ինքը դատական նիստի ընթացքում բարձրացրեց իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հարցը։

Նշենք, որ 10 օրից կլրանա Մամիկոն Ասլանյանի  կալանավորման 2 տարին։ Վերջինս նիստի ավարտին հայտարարեց, որ իրեն դատում են ընտրություններում հաղթելու համար։

Նրա փաստաբան Արտակ Ոսկանյանն էլ ընդգծեց, որ մեղադրող  կողմի վկաներին դատարանն առանց քննարկման կանչում է, բայց երբ պաշտպանական կողմն է ուզում վկա հրավիրել, դատարանը նախ լսում է մեղադրող կողմի կարծիքը, նոր որոշում կայացնում՝ կանչի՞ վկաներին, թե՞՝ ոչ։

Այս պահին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշման եզրափակիչ մասը կհրապարակվի 2023 թվականի դեկտեմբերի 6-ին ժամը 11։00-ին։

Նշենք, որ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Ընդգծվել էր, որ  հետընտրական գործընթացները կոպիտ կերպով ոտնահարում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով երաշխավորված ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացումը:

Ըստ հայտարարության՝  իխշխող քաղաքական ուժի և իրավապահ մարմինների ոչ օրինական գործողություններով անմիջական ազդեցություն և միջամտություններ են տեղի ունեցել մի շարք համայնքներում անցկացված ընտրություններում և դրանից հետո: Այդպիսի ազդեցություններն ու միջամտությունները ցայտուն կերպով դրսևորվում են Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների հետընտրական գործընթացներում։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Ըստ դատախազության՝ Արևհատ Հովհաննիսյանը ևս կատարել է նույնաբովանդակ արարք, նրանց  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Ասլանյանը կալանքի տակ է շուրջ մեկուկես տարի։ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել