Մեր փոքրիկ ընկերների հետ օդային սահմանը հատելիս անհրաժեշտ է ծանոթանալ նրանց փոխադրման կանոններին։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
«Անհրաժեշտ է նախապես դիմել չվերթն իրականացնող ավիաընկերությանը՝ փոխադրման կանոններին ծանոթանալու և անհրաժեշտ փաստաթղթերը (կենդանու առողջական վիճակի վերաբերյալ անասնաբուժասանիտարական հավաստագիր, անասնաբուժական անձնագիր, արտահանման/ներմուծման/տարանցման թույլտվություն, պատվաստման վերաբերյալ տեղեկանք և այլն) ներկայացնելու համար։
Կախված քաշից՝ ընտանի կենդանին կարող է տեղափոխվել ուղևորների սրահում կամ ուղեբեռի համար նախատեսված սրահում։
Ընտանի կենդանին պարտադիր պետք է լինի հատուկ վանդակում/բեռնարկղում կամ կենդանիների համար նախատեսված փափուկ պայուսակում։
Մեկ ուղևորը կարող է փոխադրել միայն մեկ ընտանի կենդանի։
Ճանապարհորդությունից առաջ հարկավոր է ստանալ անասնաբուժական խորհրդատվություն (ՀՀ-ից մեկնելու դեպքում զանգահարել +37477 264 007)։
Ինչպես նաև՝ չենք մոռանում ուսումնասիրել ընդունող/տարանցիկ երկրի կանոնները։
Ճանապարհորդությանն առնչվող բոլոր մանրամասները հարկավոր է հստակեցնել չվերթն իրականացնող ավիաընկերության հետ:
Մաղթում ենք ապահով թռիչք»,-նշվում է հայտարարության մեջ: