Գաղտնալսումների գործով հայտնի Վաչե Մարգարյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 9-ին հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 6-ի ԲԴԽ-91-Ո-275 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վաչե ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»:

Հիշեցնենք, որ Վաչե Մարգարյանը ներգրավված էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսման գործով։

Համացանցում հրապարակվել էր Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Նշենք, որ հեռախոսազրույցի ընթացքում հիշատակվում էր նաև դատավոր Վաչե Մարգարյանի անունը, որը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Իր հերթին դատավոր Մարգարյանը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ ինքը երբևէ չի զանգել ԱԱԾ պետին ու դա ասում է ամենայն պատասխանատվությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել