«Երազում եմ ընկերոջս տեսնել»․ արցախցի երեխաները՝ բռնի տեղահանման, շրջափակման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 11-ամյա Մարատ Առուստամյանը և 9-ամյա Վալերի Ալավերդյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեցին շրջափակման ինը ամիսների, տեղահանման դժվարությունների մասին։

«Հաց չունեինք, հացի կարիք ունեինք։ Հետո, չգիտես որտեղից կռիվը սկսվեց և չէինք կարողանում դուրս գալ։ Հետո ասացին, որ բոլորս պետք է դուրս գանք։ 4 օր մնացինք ճանապարհներին»,-ասաց Մարատը։

Նա նշեց, որ ինքն էլ է գնացել և հացի համար հերթ կանգնել, նաև կաթի հերթերում է եղել, ասում է՝ ամեն ինչի հերթ գնացել եմ։

«Ծնողներս ասում էին, որ ճանապարհը ռուսներն են փակել, որ թուրքերը չգան, կռիվ անեն։ Ասում էին՝ կբացեն, ամեն ինչ կլինի»,-ասաց մեր զրուցակիցը։

Մարատը պատմում է, որ սեպտեմբերի 19-ին, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան, ինքը նոր էր եկել դպրոցից։

«Երբ առաջինը խփեցին, մենք գնացինք նկուղ, քույրիկս դպրոցում էր։ 2 օր մնացինք նկուղում։ Ջուր կար, լույս չկար, որ զանգենք, տեսնենք՝ ինչ է եղել»,-ասում է նա։

Երեխան ասում է, որ ինքը մի քիչ վախեցել է։ Նա նշում է, որ շատ բան է թողել Արցախում։

Մարատն արդեն գնում է դպրոց, ասում է, որ իրեն լավ են ընդունել։

Հարցին, թե ինչ խնդիրներ ունի, որ կցանկանար լուծվեին, Մարատն ասաց․ «Ընկերոջս տեսնեի»։ Երբ հարցրեցինք, թե ուր է այս պահին ընկերը, ասաց, որ զոհվել է բենզինի պահեստի պայթյունի ժամանակ։

Ստեփանակերտցի Վալերին ասում է, որ շրջափակման ժամանակ քաղցրավենիքի կարիք է ունեցել։

«Սև հաց էր, սպիտակ ալյուր չկար։ Որ ծնունդս էր, մոմը փչելուց երազել եմ, որ ճանապարհները բացվեն»,-ասում է նա։

Երբ ադրբեջանական կողմը սկսել է կրակել Վալերին թաքնվել է ընկերոջ նկուղում։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել