Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում․ Սամվել Շահրամանյան

Օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։

«Ես որպես Անվտանգության խորհրդի քարտուղար մշտապես ստանում էի տեղեկություն և մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի ողջ երկայնքով։ Նաև ծանր տեխնիկա, հրետանի, բավականին մեծ քանակությամբ անձնակազմ։ Այդ թվում՝ հատուկ նշանակության անձնակազմ գտնվում էր մեր բնակավայրերին շատ մոտ,-նշեց նա։

Նա ասաց, որ մանրամասն կներկայացնի, թե ինչպես են սկսվել ռազմական գործողությունները։

«Սեպտեմբերի 19-ին ես գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ։ Առաջին ազդակը, որ եղել է, որ հնարավոր է սկսվի ռազմական գործողություն, եղել է այն, որ մեր Շուշիի ներքևում գտնվող տանկի հուշարձանի մոտ կա երկու հենակետ՝ ռուսական և ադրբեջանական։ Ադրբեջանական հենակետից մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել՝ թաքցրեք անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին։ Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, իրենք էլ էին տեղյակ դրա մասին և ճշտումներից հետո հաստատվել է այդ փաստը։ Ինձ համար պարզ է եղել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է սկսվի ռազմական գործողություններ։ Տևական ժամանակ մեր զինված ուժերի անձնակազմը բերված էր բարձր մարտական աստիճանի, համապատասխան հրահանգները տրված էր, այդ թվում՝ քաղպաշտպանության հետ կապված։ Անձամբ զգուշացրել եմ ՆԳ նախարարին շչակները կարգի վիճակում պահել և ռազմական գործուղությունները սկսվել են  իմ աշխատասենյակ գնալուց կես ժամ անց։ Բոլոր շրջանները ենթարկվում էին ինտենսիվ հրետակոծության։ Պարզ էր, այդ իրավիճակում մենք պետք է ամեն ինչ անեինք դիմադրելու համար։

Ըստ նրա՝ ռազմական գործողությունների սկսվելուց հետո, ժամեր անց, նա հասկացել է, որ մենակ են ադրբեջանական ագրեսիայ դեմ։

«Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում։ Մենք պետք է ունակ լինեինք մեր հարցերն ինքնուրույն կարգավորել։ Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների և նաև մեր բնակչության հետ միասին սկսվել է ռազմական գործողություններին պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ է, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որը տևել է շուրջ 12 ժամ։ Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատ էին։ Ինչքան մենք եչկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր և կորուստներ կունենայինք։ Իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնեինք ռազմական գործողությունները և խուսափեինք ավելի շատ զոհերից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել