ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պարեկային ծառայությանը հրահանգել է արցախցի վարորդների նկատմամբ լինել մեղմ և վարչական արձանագրություններ չկազմել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՆԳն նախարար Վահե Ղազարյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք, հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ պատճառներ, հնարավոր չէ տուգանված արցախցի վարորդների տուգանքները հանվեն կամ լուծարվեն:
Նրա խոսքով՝ Արցախի բնակիչների տրանսպորտային միջոցների վարելու հետ կապված վարչական արձանագրությունների վիճակագրական տվյալներ իրենք չունեն, բայց ունեն և՛ գույքային, և՛ մարմնական վնասվածքներով պատահարների դեպքեր։
Նախարարը նշում է, որ իր կողմից տրվել է հանձնարարական պարեկային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանն, որպեսզի մեկ ամիս լինեն բավականին մեղմ և ոչ մի վարչական արձանագրություններ չկազմեն, միայն և միայն նախազգուշական:
«Սակայն, կուզեի մի քանի փաստեր արձանագրել, կեզծ համարանիշներով, կողային ապակիները թաղանթապատված վարելը ես գտնում եմ, որ ճիշտ չէ»,- ասել է նա: