Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, սակայն դեռ չի պատասխանել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով դիրքավորվի և բարձրաձայնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,– ասել է ԱԳ նախարարի տեղակալը։
Փոխնախարարի խոսքով՝ Գրանադայի հայտարարությունում հայտարարված են այն ուղենիշները, որոնք ըստ Հայաստանի պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում։