Մեղադրանքներ են ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների. Քյարամյանը՝ ագրեսիայի ժամանակ անգործության մասին

Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ, հատկապես զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն առ այսօր շարունակում են քննությունը` Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, 2021 թվականի նոյեմբերի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում՝ Ջերմուկի, Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի և այլ բնակավայրերի ուղղությամբ ագրեսիայի ակտեր իրականացնելու, քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերով։

Այս մասին այսօր ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի իր ելույթում ասել  է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

«Քննությամբ հիմնավորվել է, որ միայն սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում հակառակորդը խոցել է 150-ից ավելի քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ բնակելի տներ, դպրոցներ, տրանսպորտային միջոցներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ և այլն։

Քրեական վարույթների շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ, այդ թվում՝ զննվել է 100-ից ավելի դեպքի վայր, հարցաքննվել են 4000-ից ավելի վկաներ և տուժողներ, նշանակվել են 500-ից ավելի փորձաքննություններ։

Քննության առարկա են դարձվել նաև՝ ագրեսիայի ակտերի ընթացքում զինվորական ծառայության կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես՝ պարզվել են 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզի ուղղությամբ պաշտպանություն իրականացնող բարձրաստիճան սպաների՝ բանակային կորպուսի հրամանատարի և զորամասի հրամանատարի կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման հանգամանքները, որի հետևանքով հակառակորդն անարգել, մինչև 3.5կմ խորությամբ, մխրճվել է ՀՀ սուվերեն տարածք։ Մեղադրանք է ներկայացվել գեներալ-մայորի և գնդապետի կոչումներ ունեցող բարձրաստիճան սպաների և որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Բացի այդ, պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին։

Նշված հանցավոր արարքները կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել բանակային կորպուսի հրամանատարի, զորամասի հրամանատարի, գումարտակի, վաշտի, դասակի, ջոկի հրամանատարական պաշտոններ զբաղեցրած ընդհանուր 10 զինծառայողների նկատմամբ։ Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Քննության առարկա են դարձվել նաև՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ակտի ընթացքում ՀՀ զինված ուժերի զինծառայողների առանձին գործողությունները, որոնց վերաբերյալ նախաձեռնվել է 27 քրեական վարույթ։ Նշված վարույթների շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 17 զինծառայողի, որոնցից 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:

Ցանկանում եմ հատուկ անդրադառնալ այն հանգամանքին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված մի շարք դեպքերով քննվող քրեական վարույթների շրջանակներում քննության առարկա են դարձվել անհետ կորած անձանց վերաբերյալ հնարավոր բոլոր հանգամանքները: Կազմվել են անհետ կորելու հանգամանքները նկարագրող առանձին տեղեկանքներ, որոնք ներկայացվել են գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովին: Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ իրականացված քննության արդյունքները, այդ թվում՝ անհետ կորած անձանց վերաբերյալ ձեռք բերված ապացույցները, պարբերաբար ներկայացվել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, Միջգերատեսչական հանձնաժողովին, արտաքին գործերի նախարարությանը և իրավասու այլ գերատեսչությունների, ինչպես նաև՝ անհատ իրավապաշտպանների», – նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել