Գոնե այնպես արեք, որ ձեզնից հետո՝ ձեր թողած փաստաթղթերի որևէ կետով, որևէ բառով հնարավոր լինի վերականգնել հայ մարդու արժանապատվությունը․ «Սուվերեն» նախաձեռնություն

Հայաստանի ինքնիշխանության շարժման («Սուվերեն») համակարգող թիմը, որի նախաձեռնողները «Ազատազէն» հասարակական կազմակերպության նախկին նախագահն ու խորհրդի անդամներն են, հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հայ ազգին վրա հասած այս օրերի աղետը, դրա հետագա հետևանքները ահռելի վնասներ են բերել մեր ազգին, երկրին ու մեր սերունդներին։

Մենք՝ ազգովի, դեռևս չենք կարողանում պատկերացնել այն կորուստները՝ արժեքային, մարդկային, տարածքային, մշակութային, հոգեբանական և այլ, որոնք վերականգնելու, վերագտնելու համար ազգային մտածելակերպ ունեցող հայերի երկար տարիների նվիրումով աշխատանք է պետք։

Չնայած այս արհավիրքին, զուգահեռ դեռևս ընթանում են պրոցեսներ, որոնք ավելի են խորացնում ազգային աղետն ու դրա հետևանքները։

Մասնավորապես, մենք ականատես ենք լինում, որ այս օրերին Հայաստանի գործող իշխանությունը պատրաստվում է հոկտեմբերի 5-ին կայանալիք անհասկանալի օրակարգով հանդիպմանը։

Այս հանդիպումից առաջ դե ֆակտո գլխավոր բանակցողը արդեն քաղաքական կոնսուլտացիաների իմիտացիաներ է անում, հանդիպելով ինքն իր համար հռչակած «արտախորհդրարանական» ուժերի հետ, որոնք, առանց խորը գիտակցելու այդ հանդիպումներին իրենց` անպտուղ մասնակցությամբ աղետի շարունակականության պատասխանատվության մասնաբաժինը, խաղարկում են սցենարը։

Դե ֆակտո գլխավոր բանակցողը արտակարգ իրավիճակներում իր կառավարման և դատողության հմտությունների որակն առաջին անգամ չէ, որ ի ցույց է դնում. երբ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ գնում է հանդիպման իր քաղաքական թիմի և իրեն հաճո «ուժերի» հետ, որոնցից ամենաքիչն է հնարավոր քննադատություններ լսել`դրանով ևս մեկ անգամ ապացուցելով կառավարչի նվազագույն հմտությունների բացակայության մասին. լավագույն լուծումները ծնվում են անաչառ քննադատությունների, ինքնաքննադատությունների և իրական երկխոսությունների արդյունքում։

Հայաստանի ինքնիշխանության շարժումը («Սուվերեն»), առաջնորդվելով ազգային շահով, իրավական շրջանակներում հենվելով Հայկական ԽՍՀ-ի (որի իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետությունը) և Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ ընդունված 1989թ-ի դեկտեմբերի 1-ի նո. 1650-11 որոշման և դրա հիման վրա 1990թ-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիր Անկախության Մասին գործող փաստաթղթերը, այս օրերին Հայաստանի Հանրապետության անունից և Լեռնային Ղարաբաղի անունից (որի իրավական հիմքերը խիստ հարցական են) բանակցող անձանցից պահանջում ենք.

1. Ցանկացած ստորագրվող փաստաթղթի կամ հայտարարության մեջ ամրագրել վերոհիշյալ փաստաթղթերով սահմանված` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (հետագայում Արցախի հանրապետություն) և Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանում (ձեր խոսույթով` անկլավներ) ծնված հայերի վերաբնակեցման իրավունքը (անհրաժեշտության դեպքում ստեղծելով աշխատանքային խումբ թշնամու հետ հասցե առ հասցե հաշվառելու, գույքագրելու համար մեր հայրենակիցների բնակավայրերն ու գույքը),

2. Ցանկացած ստորագրվող փաստաթղթի կամ հայտարարության մեջ վերոհիշյալ փաստաթղթերով սահմանված` որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (հետագայում Արցախի հանրապետություն) և Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանում ծնված հայերի իրավունքների և շահերի երաշխավոր` ամրագրել վերջիններիս իրենց ծննդավայր վերադառնալու, տվյալ վայրերում Հայաստանի Հանրապետության միջոցներով բնակավայրերի վերակառուցման մեխանիզմներն ու ժամկետները,

3. Ցանկացած ստորագրվող փաստաթղթի կամ հայտարարության մեջ վերոհիշյալ փաստաթղթերով սահմանված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (հետագայում Արցախի հանրապետություն), ամրագրել հստակ ժամկետներ և մեխանիզմներ այս օրերին թողնվող պատմամշակութային արժեքների՝ այդ թվում արխիվների, մատենագրությունների, անխոչընդոտ ժամանակավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն,

4. Ցանկացած ստորագրվող փաստաթղթի, կամ հայտարարության մեջ ամրագրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (հետագայում Արցախի հանրապետություն) և Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանում առկա հայկական եկեղեցիների իրավական կարգավիճակը, դրանց պահպանման երաշխավորումը, հայ եկեղեցականների կողմից այնտեղ պարբերաբար իրականացվելիք միջոցառումների մեխանիզմները, հստակ` հատ առ հատ նշելով ենթադրյալ փաստաթղթերում կամ հայտարարություններում բոլոր եկեղեցիների, եկեղեցական համալիրների, հայկական գերեզմատների և այլ պատմամշակութային շինությունների անվանումներն ու տեղադիրքը,

5. Ցանկացած ստորագրվող փաստաթղթի կամ հայտարարության մեջ վերոհիշյալ փաստաթղթով սահմանված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (հետագայում Արցախի հանրապետություն) և Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանում ամրագրել վերջին 35 տարիների ընթացքում տարբեր մարտական գործողությունների ընթացքում իր մասնակցությունն ունեցած hայ զինվորների, մարտիկների (անկախ նրանից, թե նրանք հանդես են եկել որպես Արցախի ՊԲ-ի կամ հայկական զինված ուժերի կամ պարզապես կամավորական ջոկատների կազմում) Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու երաշխիքները, գերեվարվածների վերադարձման հստակ ժամկետներն ու դեպի Հայաստանի Հանրապետություն տեղափոխման մեխանիզմները։

Հայ ժողովրդի անունից բանակցողներ, մի մոռացեք, որ այս օրերին ձեր ամեն մի բառով, խոսքով, համաձայնությունով և ստորագրությունով գրում եք Հայոց պատմության սև էջերը։

Գոնե այնպես արեք, որ ձեզնից հետո՝ ձեր թողած փաստաթղթերի որևէ կետով, որևէ բառով հնարավոր լինի վերականգնել հայ մարդու արժանապատվությունը, անցյալն ու պատմամշակութային արժեքները:

Սրանք այն նվազագույն պահանջներն են, որ մեր կողմից ներկայացվում են հայկական կողմից բանագնացներին, որպես զգուշացում, որպես բանակցության միայն նվազագույն պահանջներ, առանց ստորադասելու մինչ այժմ մեր կողմից արված գործող իշխանությունների հրաժարականի պահանջը, որն օր առաջ պետք է տեղի ունենա` պահպանելու համար Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանի ինքնիշխանության շարժման («Սուվերեն») համակարգող թիմ։
1 հոկտեմբեր 2023թ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել