Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում. Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Մարտակերտի շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական զինուժի մեկ զինծառայող վիրավորվել է։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ առաքվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրազեն, հակատանկային զենք, մոտ 22 հազար միավոր զինամթերք։
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է հյուրընկալել 810 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ 436 երեխաների։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,-նշվում է հայտարարության մեջ։