Նիկոլ Փաշինյանը՝ իգական սեռի ներկայացուցիչների 1-ին զորակոչի մասին․ ժամկետները հայտնի են

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի դրույթները, զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները հստակեցնելու նպատակով: Ըստ հիմնավորման՝ օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում սահմանվել են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման գործընթացը, դիմումների ներկայացման ժամկետները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչման առանձնահատկությունները, զորակոչելու կամ պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու պայմանները և նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, զորակոչված իգական սեռի զինծառայողների ծառայության կազմակերպման պայմանները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ նախատեսել որոշման մեջ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրել է. «Իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ հավանության էր արժանացրել, որը ենթադրում է 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը, և այս նախագիծը թույլ կտա իրականացնել հաշվառման և կարգավորման հարցերը»:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է. «Կամավոր իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր ժամկետային վեց ամսվա ծառայության որոշում կայացնել և համապատասխան այդ որոշումը փաստաթղթավորել, բայց զորակոչվելուց հետո վեց ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր: Եվ սա կարևոր սկզբունք է, որպեսզի և՛ որոշում կայացնողը որոշում կայացնելիս լրջորեն քննարկի, դիտարկի, և՛ նաև Պաշտպանության նախարարությունը կարողանա որոշակի հաշվարկներ անել, թե ինչ ռեսուրսներ են պետք այդ նպատակի համար: Շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ ժամկետային զինծառայության անցած կանայք, այնուամենայնիվ, ծառայության վեջում կստանան 1 մլն դրամ դրամական բավարարում: Սա կարևոր հանգամանք է, և մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել՝ կանանց ներգրավվածության մակարդակն, այդ թվում՝ Զինված ուժերում, մեծացնել, բարձրացնել, կանանց համար գործունեության նոր ոլորտ ստեղծել, որտեղ դրանք կարող են լինել և լիարժեք աշխատանքային կարիերա անել: Սա ինչի համար եմ ասում, որովհետև վեց ամսվա ծառայությունից հետո բոլոր ծառայություն անցած մեր հարգելի կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության, մասնավորապես՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Այսինքն՝ կարող է վեց ամսվա ծառայությունից հետո ուղղակի վերադառնալ քաղաքացիական կյանքի կամ որոշում կայացնել հնգամյա պայմանագրով «Պաշտպան հայրենյաց» ծրագրով անցնել պայմանագրային զինծառայության և այդ համատեքստում նաև կամավոր ատեստավորում անցնելու պարագայում արդեն նրանց աշխատավարձերը կլինեն կրկնապատկված դրույքով՝ կախված իրենց ատեստավորման արդյունքներից»:

Կառավարության ղեկավարը հայտնել է նաև, որ Պաշտպանության նախադրությունն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները. «Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է Հայաստանի Հանրապետության համար և ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել՝ ցանկացած հնարավոր, ամենապատշաճ մակարդակով: Իհարկե, առաջիկայում նաև տեղում կլինենք, աշխատանքների ընթացքին կծանոթանանք, որպեսզի ամեն ինչ մեր ուզածով ընթանա»:

Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ կանանց առաջին զորակոչը նախատեսվում է՝ 2024 թ. ձմռանը, բայց հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել