Այընտրանքային սուրճ, կոնֆետ․ 273 օր շրջափակված Արցախում մարդիկ դեռ պայքարում են

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախն արդեն 273 օր է ամբողջական շրջափակման մեջ է։

Մարդիկ` զրկված լինելով լույսից, ջրից գազից, արդեն զրկվում են նաև հացից ու հույսից, բայց դեռ կարողանում են պայքարել ու ցույց տալ աշխարհին, որ իրենք ամուր են կպած իրենց հողին։

Ստեփանակերտում ապրող Մարիաննա Բաբաջանյանը Iravaban.net-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է դիմանում ու պայքարում իր ընտանիքը։

«Ճարտարեցի եմ, ապրում էի Զորավանում, բայց թուրքերը վերցրել են մեր գյուղը։ Ամուսնացել եմ, ամուսնուս գյուղն էլ են վերցրել։ Հիմա վարձով ապրում ենք Ստեփանակերտում։ Մի կերպ, բոլորի նման պայքարում ենք ու դիմանում դեռևս։ Հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի, օրն անցկացնում եմ աղոթքով»,-ասում է նա։

Մարիաննայի երիտասարդ ընտանիքում կա նաև փոքրիկ աղջնակ, որն արդեն սկսել է խոսել և իր համեստ պահանջները ներկայացնել ծնողներին։

«Ամենից դժվարը դա է, որ երեխաս ինչ-որ բաներ է ուզում ու ես ասում եմ՝ չկա։ Նոր է սկսել խոսելը ու արդեն ինչ-որ բաներ է ցանկանում, երբ ասում եմ, որ չկա ես դրանից ահավոր նեղվում եմ, որ 21-րդ դարում չեմ կարողանում ապահովել իմ երեխայի կարիքները։ Տակդիրը մի կերպ ենք գտնում։ Երեխաս միայն կաթնամթերք էր ուտում ու արդեն 2 ամիս է մեր տուն կաթնամթերք չի մտել»,-պատմում է երիտասարդ մայրիկը։

Նա նշում է, որ փրկությունն այն է լինելու, որ մարդիկ իրար կարեկցեն ու օգնեն և ընդգծում, որ վախենում է այն փաստից, որ մարդիկ կարող են չարանալ. «Բայց ոչ մեկին մեղադրելու չի, ոչ ոք չէր կարող ապրել այս պայմաններում»։

Մարիաննան բլոգ է վարում Instagram-ում և Tiktok-ում։ Նա մարդկանց ներկայացնում է շրջափակման պայմաններում գոյատևելու իր բանաձևը։

«Սոցհարթակն ինձ համար զբաղվելու մի ձև է։ Այստեղ ես ինձ այս իրականությունից կտրում եմ, բայց նաև ամեն ինչ անում եմ, որ մեր մասին ավելի շատ իմանան։ Ուզում եմ ինչքան հնարավոր է բոլորին տեղյակ պահեմ մեր մասին, որ մեզ չմոռանան»,-ասում է Մարիաննան։

Նա մասնագիտությամբ դիմահարդար է, սակայն 273 օր շրջափակված Արցախում դիմահարդարվելու առիթներ շատ քիչ են լինում, ավելի ճիշտ` առհասարակ չեն լինում ։

«Արդեն երկար ժամանակ է գործ չունեմ, տեղեր էլ չկան, որ մարդիկ սիրունանան գնան։ Բայց այստեղ փողն էլ արդեն նշանակություն չունի։ Մարդիկ փոխանակումներ են անում։ Զուգարանի թուղթը փոխում են շաքարավազով, լվացքի փոշին՝ ամանի հեղուկով։ Մարդիկ այդպես են իրար օգնում»,-նշում է Մարիաննան։

Մեր զրուցակիցն ասում է, որ իր տնտեսած սնունդն արդեն սպառվում է։

«Շաքարավազը մնացել է մեկ կիլոգրամ, մի քիչ հնդկաձավար ունեմ, բրինձ ունեմ մի քիչ։ Երկար չենք դիմանա ոչ ոքս։ Բոլորի տանն ամեն ինչ սպառվել է»,-ասում է նա։

Մեր զրուցակիցը պատմում է, որ կարողացել է գտնել այլընտրանքային սուրճ պատրաստելու ձևը, որից և հյուրասիրում է իր հարազատներին։ Նա սուրճը պատրաստում է սիսեռից, նշում է, որ շատ համեղ է։

 

«Համացանցում էի տեսել, թե ինչպես էին 90-ականներին սուրճ պատրաստում։ Ես էլ սկսեցի պատրաստել։ Մենք դա ենք խմում, որ ուրիշ բան չկա, ի՞նչ անենք։ Իհարկե կուզեի, որ այնքան լիներ, որ բոլորին բաժանեի»,-ասում է նա։

Արցախում, չնայած նրան, որ հացն արդեն կտրոնով են ստանում, միևնույն է հերթեր են գոյանում, քանի որ ալյուրի պակաս կա, բավարար քանակով հաց չի թխվում, մարդիկ ժամերով մնում են հացի հերթերում։ Մարիաննան 2 ժամ հացի հերթում մնալով՝ ականատես է եղել, թե ինչպես են մերժում՝ հաց տալ զինվորականին, քանի որ նա կտրոն չի ունեցել։

«Իրեն չօգնեցին, ես իմ երկու հացից մեկը տվեցի նրան։ Մենք տանն ապրում ենք 4 հոգով։ Ես, մայրս, ամուսինս և բալիկս։ Հայրս եկավ Հայաստան և այլևս չի կարողանում վերադառնալ։ Հայրս շատ է տանջվում, որ ընտանիքից հեռու է։ Ես շատ եմ կապված պապայիս հետ, երբեք չէի մտածի, որ այսքան երկար ժամանակ նրանից հեռու կլինեմ»,-նշում է նա։

Մարիաննան նշում է, որ ինքը չի կարող լքել Արցախն անգամ, երբ բացվեն ճանապարհները։

«Կարող է այն մարդիկ հեռանան, ովքեր այստեղ պահելու ոչինչ չունեն, ես չեմ կարող գնալ, ինձ թվում է ոչ ոք դա չի անի։ Եթե մեռնենք, բոլորով մեռնենք, եթե ապրենք, բոլորով ապրենք։ Բայց կոտրված ենք, այս ի՞նչ վիճակ է, որ մենք ապրում ենք, ոչինչ չկա։ Չենք կարողանում մեր երեխաների հոգսը հոգալ, չեմ պատկերացնում, թե ձմռանն ինչ կլինի, չեմ էլ պատկերացնում, որ մինչև այդ կդիմանանք։ Հույսը դեռ բաց չենք թողել, լավ է լինելու, մի դուռ կբացվի։ Ուղակի մնում է, որ մարդիկ չչարանան»,-ասում է նա։

Նա նշում է, որ մարդիկ պետք է դարձի գան, բարի լինեն ու իրար օգնեն։

Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել