Քիմ Քարդաշյանը և Էրիկ Էսրայիլյանը Բայդենի վարչակազմին կոչ են արել անհապահ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքը բացելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և ամերիկահայ հայտնի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը «Rolling Stone» պարբերականում հոդված են հրապարակել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի մասին։ «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ․

«ՄԵՆՔ ՀԱՅ ԵՆՔ։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում խոսել ապագայում ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ հիշատակի հավերժացման մասին:

Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնիկ քրիստոնյա հայերին արտաքին աշխարհի հետ կապող փրկության միակ ճանապարհը: Նրանք տարիներ շարունակ կախված են եղել Լաչինի միջանցքով պարենի, դեղորայքի և մարդասիրական օգնության փոխադրումից։ Ուկրաինայի պատերազմն Ադրբեջանին որոշ երկրների համար ռուսական նավթի ու գազի թվացյալ ավելի շահավետ այլընտրանք դարձրեց։ Սակայն այդ հանգամանքը համարձակություն է տվել ադրբեջանական ավտոկրատ կառավարությանը սովը որպես զենք օգտագործել տարածաշրջանի հայ բնակչության դեմ։ Այլևս ժամանակ չկա մտածելու, աղոթելու կամ անհանգստանալու համար:

2020 թվականի պատերազմը, այն բանից հետո, երբ Ադրբեջանն առանց որևէ պատճառի հարձակվեց Արցախի հայերի վրա, երբեք չի անհետացել աշխարհասփյուռ հայության գիտակցությունից: Չնայած հրադադարի պայմանավորվածության, հայ զինվորների վրա հարձակումները եղել են մշտական և անհետևանք: Հայատյաց քաղաքականությունը մշակվել և լայնորեն քարոզվում է Ադրբեջանի կառավարության և այլ երկրների կողմից: Տարածաշրջանային խաղաղությունը չպետք է ենթադրի Արցախում հայերի ինքնիշխանության զոհաբերում, բայց անկախ նրանից, թե ինչ է մտածում որևէ մեկը մեր կարծիքի մասին, պարզ է, որ այս անողոք շրջափակումը հատել է մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի բոլոր կարմիր գծերը: Իրավապաշտպան կազմակերպությունների արգելափակումը, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), և շրջափակմանը ուղեկցող ատելության հռետորաբանությունը ցեղասպանություն իրականացնելու մտադրության նշաններ են:

Ադրբեջանի կառավարությունն ու նրա դաշնակիցները պնդում են, որ գոյություն ունեն այլընտրանքային երթուղիներ, որոնք պետք է օգտագործել: Պաշարների երբեմն մատակարարման համար Ադրբեջանի կողմից վերահսկվող առանձին ճանապարհի օգտագործումը լավագույն դեպքում անկեղծ չէ։ Ամենայն հավանականությամբ, սա Արցախի հայերի և քրիստոնյաների համար վերջի սկզբի ազդանշան կլինի։ Այս ճգնաժամի սկզբում երկրում ապրում էր մոտ 120 000 հայ, այդ թվում ՝ 30 000 երեխա։ Դժբախտաբար, սովի և համապատասխան բժշկական օգնություն ստանալու անկարողության պատճառով արդեն տեղի են ունեցել զգալի և ողբերգական մարդկային զոհեր, և առանց անհապաղ գործողությունների, իրավիճակը միայն կվատթարանա: Նրանց համար, ովքեր գոյատևում են, հետևանքները անդառնալի կլինեն: Թեև կեղծավոր փորձ արվեց շրջափակումը ներկայացնել որպես բնապահպանական խնդիրների հետ կապված, սակայն հայերն ու միջազգային դիտորդները գիտեին, որ նրանց նպատակն էր երկիրն ապրելու համար այնքան անտանելի դարձնել, որ մարդիկ կամ մահանան, կամ համաձայնվեն հեռանալ:

Միևնույն ժամանակ, սովի մատնելու կողմնակիցները օգտագործում են համակարգված սոցիալական լրատվամիջոցների արշավներ՝ ձևացնելու համար, որ շրջափակումը տեղի չի ունենում: Այս հակաուտոպիական քարոզչությունը կարող է անհեթեթ թվալ գիտելիք ունեցողների համար, բայց մարդու իրավունքների այս խախտումների պաշտպանները փորձում են մարդկանց շփոթեցնել ՝ հաշվի առնելով այն ամենը ինչ կատարվում է աշխարհում։

Ցեղասպանության վերահսկման բազմաթիվ խմբեր և ՄԱԿ-ի անկախ հատուկ զեկուցողները, այդ թվում՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական, պրոֆեսոր Խուան Մենդեսը, ամիսներ շարունակ փորձում են աշխարհին ահազանգել այս վերահաս վայրագությունների մասին: Անցյալ ամիս Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հրապարակեց իր անկախ զեկույցը։ Նա եզրակացրեց, որ ցեղասպանությունն արդեն ընթանում է, քանի որ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ Ադրբեջանը «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմաններ է միտումնավոր ստեղծում, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել