Ճոպանուղային ցանց, մետրոյի 3 նոր կայարան, միասնական տոմսակի համակարգ․ ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ

Օգոստոսի 23-ին մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ (13 կուսակցություն և 1 դաշինք)։ Iravaban.net-ը երևանցիներին է ներկայացնում այն ուժերի նախընտրական ծրագրերը, որոնք հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Այսօր անդրադարձ կկատարենք տրանսպորտի ոլորտում առաջարկվող փոփոխություններին։

1․ «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ծրագիրը, եթե այն նույնիսկ կա, որևէ տեղ հրապարակված չէ, այդ թվում՝ ԿԸՀ պաշտոնական կայքէջում։

ԼՐԱՑՈՒՄ։ Ավելի ուշ հանձնաժողովի կայքում հրապարակվել է «Հանրային ձայնի» նախընտրական ծրագիրը, որն ունի «Տրանսպորտ» բաժին։

Ծրագրող քաղաքական ուժը նախատեսումը է ավտոպարկի թարմացում, արգելվելու են հին և անսարք տրանսպորտային միջոցների շահագործումը։ Ներդրվելու է տրանսպորտի ուղևորատոմսերի համակարգ, ինչպես նաև չվացուցակների օնլայն հետևելու հնարավորություն է տրամադրվելու քաղաքացիներին։ Կուսակցությունը նաև այլ մանրամասներ է նշել ծրագրում։ Օրինակ՝ նախատեսվում է քաղաքավարության, տեղ զիջելու և տարրական կուլտուրայի մասին հիշեցնող աուդիո կամ վիդեո հոլովակների պարտադիր ներկայացում քաղաքային տրանսպորտում։

Կուսակցությունը նաև վերահսկելու է տրանսպորտում հնչող երաժշտությանը, ընդհուպ մինչև հատուկ ցանկի մշակում և տրամադրում։ Խոսվում է նաև էլեկտրական տրանսպորտի անցման, ավտոկայանատեղիների ավելացման, հեծանիվների և սկուտերների համար առանձին գծերի ավելացման և «կարմիր գծերի» վերացման մասին։

Կուսակցությունը, ընտրվելու դեպքում, վերահսկելու է նաև տաքսիների աշխատանքը, ֆիքսված գներ է սահմանելու։

2․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 31 էջից բաղկացած ծրագիր է ներկայացրել, որում անդրադարձ է կատարվում Երևանում առկա խնդիրներին։ Նախաբանում նշվում է․ «Մեր համոզմունքն է, որ Երևանը պետք է լինի քաղաք՝ մարդկանց համար»։

Ծրագրում ոչ միայն ներկայացվել են քաղաքական ուժի ապագա անելինքերը, այլ նաև այն, ինչ արվել է վերջին 5 տարիների ընթացքում։ Իշխող քաղաքական ուժը նախատեսում է ներդնել նոր միասնական տրանսպորտային համակարգ, ավտոբուսների և մետրոյի չվացուցակը հասանելի է դառնալու կանգառներում։ Բացի այդ, ծրագրով նախատեսվում է 2024թ. մեկնարկել և մինչև 2028թ. ավարտին հասցնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը, իսկ 2024-ից 2026-ը՝ «Սուրմալու և «Փեթակ» առևտրի կենտրոնների հատվածում նոր կայարանի կառուցումը․ «2027թ. ունենալու ենք դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան տանող մետրոյի կայարանի կառուցման նախագիծ»։

Ծրագրում նշվում է ճոպանուղային ցանց հիմնելու մտադրության մասին, որը գործելու է Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածից մինչև Նոր Նորքի 2-րդ զանգված և Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով։

«Արդար Հայաստան», «Հաղթանակ», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց» և Հայաստանի եվրոպական կուսակցության ծրագրերը ԿԸՀ-ում դեռ չեն հրապարակվել։

8․ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը 2 էջից բաղկացած «բուկլետ» է հրապարակել։ Ներկայացնում ենք այն միակ տողը, որը վերաբերում է տրանսպորտային բարեփոխումներին․ «Տրանսպորտային ոլորտի համակարգային բարեփոխուﬓեր»։

Ծրագրում ավելի մեծ տեղ է տրվել կուսակցության քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանի կենսագրությանը։

9․ «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագիրը դեռևս չի հրապարակվել։

10․ «Միացյալ Հայաստանը» 4 էջանոց ծրագիր է հրապարակել, որում անդրադարձ է կատարել նաև տրանսպորտի ոլորտին։ Ուժը նախատեսում է բոլոր գլխավոր փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված ուղիներ պատրաստել։ Տրանսպորտի վերաբերյալ այլ կետեր նշված չեն ծրագրում, սակայն կուսակցությունը նախատեսում է արգելել նաև ծանրաբեռնված երթևեկությամբ փողոցներում մեքենաների կայանումը։

«Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում» և «Ապրելու երկիր» կուսակցություների նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ում չեն հրապարակվել։

14․ «Մայր Հայաստան» դաշինքի հրապարակած ծրագիրը ավելի շատ երկրի, ոչ թե Երևան քաղաքի կառավարմանն է վերաբերում։ Խոսվում է ամբողջական իշխանափոխության հրամայականի, Հայաստանի և Արցախի անվտանգային միջավայրի վերականգնման, Արցախի պաշտպանության մասին։ Ծրագիրը 7 էջից է բաղկացած։

Դաշինքը նախատեսում է ամբողջապես փոխել քաղաքի տրանսպորտային համակարգը՝ քաղաքացու համար ավելի ճկուն, կանխատեսելի և դյուրացված դարձնելով․ «Անհրաժեշտ է ներդնել միասնական տոմսակի համակարգ՝ օրական, շաբաթական և ամսական կտրվածքով։ Պետք է ներդրվի հանրային և վճարովի կայանատեղիների համակարգ, որը կազատի փողոցները ճամփեզրի կայանումներից առաջացող խցանումներից»։

Այլ բան տրանսպորտային համակարգի բարեփոխման վերաբերյալ չի նշվում։

Iravaban.net-ը կշարունակի ներկայացնել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը՝ ըստ ոլորտների։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել