Ո՞ր դեպքերում է անձն ազատվում վարչական պատասխանատվությունից

Վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով կամ վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող այլ նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, եթե այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի:

Վարչական պատասխանատվության ենթակա չէ նաև այն անձը, որը թեև վարչական իրավախախտումը է կատարել, սակայն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն` հակաիրավական ոտնձգությունից պաշտպանելիս է եղել պետական կամ հասարակական կարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կառավարման սահմանված կարգը ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդորում, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Անձն ազատվում է վարչական պատասխանատվությունից նաև այն դեպքում, եթե հակաիրավական գործողություն կամ անգործություն կատարելու ժամանակ գտնվել է անմեղսունակ վիճակում, այսինքն` խրոնիկական հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող իրեն հաշիվ տալ իր գործողությունների համար կամ ղեկավարել այդ գործողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել