Ռեստորանում մատուցված սննդի պատճառով 4 մարդ է մահացել

Նախկինում չդատված 63-ամյա Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի օգոստոսի 31-ից աշխատելով «Օշին» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն և հիշյալ ընկերությանը պատկանող Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանային համալիրում զբաղվելով հանրային սննդի սպասարկմամբ` մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձանց մահ:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը՝ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նշենք, որ ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այսինքն՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ՝պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել