Խուլիգանություն գիշերային ակումբում. ՆԳՆ ոստիկանություն

Հունիսի 25-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք: Իրացնելով տեղեկությունը` ոստիկանները պարզել են, որ հունիսի 24-ի գիշերվա ժամը մեկին Փարաքար գյուղի բնակիչ երեք երիտասարդ՝ 30-31 տարեկան, մի խումբ այլ անձանց հետ մտել են գիշերային ակումբ և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այլ կերպ ասած` խուլիգանություն են կատարել: Այդ ընթացքում նրանք ձեռքերով, ոտքերով և փայտե մահակներով հարվածներ են հասցրել Էջմիածնի բնակիչ 31 և 32 տարեկան երկու երիտասարդի:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Իրավապահների նախնական տեղեկության համաձայն` նրանց միջև վեճը ծագել էր դեռևս նախորդ օրը՝ նույն վայրում: Իսկ հաշվի առնելով խուլիգանության վայրը` դժվար չէ ենթադրել, թե ինչ պատճառներ է ունեցել երիտասարդների վեճը:

Հունիսի 26-ին փարաքարցիները հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել