Արցախը 184 օր է շրջափակման մեջ է

Արցախը 184 օր է շրջափակման մեջ է։

Արդեն կես տարի է, ինչ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը: Շրջափակման պատճառով 30 հազար արցախցի երեխա զրկված է տարրական իրավունքներից. նրանք չեն կարողանում ստանալ լիարժեք կրթություն, մասնակցել միջազգային միջոցառումների ու մրցաշարերի, լուծել առողջական և կենսաապահովման այլ խնդիրներ:

Արցախի մանուկները ևս մեկ անգամ իրենց բողոքն են արտահայտել միջազգային հանրությանը «Մենք ենք մեր լեռները» խորհրդանշական հուշարձանի տարածքից, որտեղ  «Արարիչ» բարեգործական հիմնադրամը նրանց համար մշակութային ժամանց է կազմակերպել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության  տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։

Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։

Հանդիպումների ընթացքում Նախագահը մեկնաբանել է մայիսի 23-ի  իր ուղերձի դրույթները, ներկայացրել Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը և ձևակերպել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անելիքները։

Արցախը Հայաստանին կապող մայրուղու՝ Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից  ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրելուց հետո Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Լիսագոր և Եղցահող համայնքները հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակել է Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ որոշումը ու փաստել․ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել․

«Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է, դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել իրենով պայմանավորված միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,-ասվում է դատարանի որոշման մեջ։

Սակայն փաստն այն է, որ ճանապարհը դեռ փակ է։ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են, դա են փաստում ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները։

Ադրբեջանի վրա միջազգային ճնշումների բացակայության պատճառով արցախահայությունը կանգնած է հումանիտար աղետի առաջ։ Միջազգային հանրության անատամ կոչերը մինչև այս պահն անտեսվել են Ադրբեջանի ղեկավարության կողմից։

Արդեն 184 օր է խախտվում են մարդու հիմնարար իրավունքները, իսկ միջազգային կազմակերպությունները և պետությունները լուռ են։

Ադրբեջանական կողմից ահաբեկչական վարքագծի պատճառով Շուշիի շրջանի գյուղերը ամբողջությամբ կտրված են Արցախի մայրաքաղաքից ու մյուս բնակավայրերից:

Նշենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև  Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը․ «Այդ շրջափակումը բնապահպանական քողի տակ հետապնդում է Ադրբեջանի բռնատիրական ղեկավարության կոռուպցիոն նկրտումների իրացումը՝ տիրանալու Արցախի տնտեսության կարևորագույն հարստություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել