«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը» կմիանան

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» պետական հիմնարկը և Հայաստանի Հանրապետության պաշտպա­նու­թյան նախարարության «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկը կմիանան և կկոչվի «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ։

Այս մասին Կառավարության որոշման նախագիծը կներկայացվի հունիսի 8-ի Կառավարության նիստում։

Կառավարության որոշման նախագծում ասվում է

«Սահմանել, որ`

1) ռազմական ակադեմիայի գործունեության խնդիրները, նպատակները և գոր­ծառույթներն են`

ա. բարձրագույն ռազմամասնագիտական և բարձրագույն ռազմական կրթու­թյամբ մասնագետների պատրաստումը, զինծառայողների վերապատրաստման և որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը,

բ. համապատասխան զինվորական մասնագիտությամբ սպայական կադրերի և բարձրագույն որակավորմամբ գիտամանկավարժական կադրերի պատրաստումը և վերապատրաստումը,

գ. ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված քաղաքացու և սպայի համակողմանի ձևավորումը,

դ. օդաչուական և ինժեներատեխնիկական մասնագետների վերապատրաստ­ման ու որակավորման լրացուցիչ ծրագրերի իրականացումը,

ե. ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության բնագավառներում զինված ուժերի գործունեության հետ կապված հիմնախնդիրների գիտական մշակումը, հիմնարար հետազոտական և գիտակիրառական աշխատանքների իրականացումը,

զ. ազգային ռազմական կրթության և հետազոտությունների ոլորտում միջազ­գային փորձագիտական ներուժի օգտագործումը.

2) ռազմական ակադեմիան «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալ­սարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների իրավահաջորդն է, և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են ռազմական ակադեմիային` փոխանցման ակտե­րին համապատասխան.

«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված՝ ռազմական ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

1) փոխանցման ակտերի հաստատումը և գույքի հանձնման-ընդունման աշխա­տանքների կատարումը.

2) ռազմական ակադեմիայի կանոնադրության, կառուցվածքի, թվաքանակի, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմի, դրա օգտագործման կարգի հաստատումը.

3) ռազմական ակադեմիայի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրա­պետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին.

4) «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան» և «Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան» պետական հիմնարկների գործունեության դադարման պետական հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, հաստիքային կազմի օպտիմալիզացում իրականացնելու և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելու անհրաժեշտությամբ:

«Ռազմական համալսարաններն ունեն կառավարման մարմիններ, փորձառու պրոֆեսորադասախոսական կազմ, հագեցված լաբորատորիաներ և անհրաժեշտ ուսումնանյությական բազա: Սակայն, սահմանափակ թվով գիտական կադրերով պայմանավորված, մասնագիտական խորհուրդներ չունենալը լուրջ խնդիրներ է ստեղծում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման և համակարգման, ինչպես նաև գիտական կադրերի պատրաստման բնագավառում, ինչն էլ այսօր առավել արդիական է դարձրել երկու ԲՈՒՀ-երի միավորումը: Վերջին տարիներին համալսարանների դիմորդների թվակազմի և պատրաստվող որոշ մասնագիտությունների պահանջարկի նվազման պատճառով արդիական է դարձել դրանց կառավարման և ֆինանսավորման համակարգի օպտիմալացման հարցը»,-ասվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել