Նիկոլ Փաշինյանը՝ ուսուցիչների աշխատավարձերի մասին․ «Նրանք կորոշեն՝ բարձրանա, թե չբարձրանա»

Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերի թեմային վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ։

«Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որոնք ստանում են 400 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Այսինքն՝ այս մարդիկ նախկինում ստանում էին 170-180 հազար դրամ և նրանց աշխատավարձը հիմա կրկնապատիկից ավելի է։ 120 ուսուցիչ կա, որոնք 350 հազար դրամից ավել աշխատավարձ են ստանում, 288 ուսուցիչ կա, որոնք 300 հազար դրամից ավել աշխատավարձ են ստանում։ Ընդհանուր առմամբ 1565 կամավոր ատեստավորված և բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչներ ունենք, որոնցից 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից բարձր աշխատավարձ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ կամավոր ատեստավորում են անցել ուսուցիչների ընդհանուր թվի 5,5 տոկոսը միայն։

«Այսինքն՝ մեր ուսուցիչների 94,5 տոկոսը դեռևս չի ատեստավորվել։ Սա էլ է նորմալ, մարդիկ մտավախություններ ունեն, գործընթաց է, որը գնում է»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ինչ-որ պահից ատեստավորում չանցած ուսուցիչները այլևս դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել