«Գաղտնի» դրոշմագրով տեղեկություն հրապարակելու դեպքում պատասխանատվություն է սահմանվել

Հայաստանում պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: «Պետական գաղտնիքի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ-ն ընդունել է մարտի 1-ին։ Այսօր՝ ապրիլի 6-ին, ընդունված նախագծերն ուժի մեջ են մտնում։

Այսպիսով, «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»: Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել:

Խստացվել է նաև պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ վարչական պատասխանատվություն է նախատեսվում՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:

«Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, և որին վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, եթե դա էական վնաս չի պատճառել պետության օրինական շահերին՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 200-400 հազար դրամի չափով:

Եթե իրավախախտումը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 400-600 հազար դրամի չափով:

«Գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, որը տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ որին վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200-400 հազար դրամի չափով:

Եթե իրավախախտումը կատարվել է կրկին վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 400-600 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել