Մեկնարկում է արտադպրոցական հաստատությունների մանկա­վարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն: 

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» էլեկտրոնային մատյանում /at.emis.am/ մարտի 15-ից մինչև ապրիլի 9-ը՝ ժամը 18։00-ն:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացնող մանկավարժական աշխատողին` նշելով պատճառը:

2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար:

2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար:

Ատեստավորմանը մասնակցելու համար մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

  1. մարզչի անունը, ազգանունը, հայրանունը,
  2. մարզադպրոցի գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
  3. մարզաձևը, որից պատրաստվում է ատեստավորվել,
  4. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
  5. մարզչի էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը,
  6. մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը:

Ատեստավորմանը մասնակցելու համար «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողները էլեկտրոնային եղանակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝

1) մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը, 

2) ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան), 

3) դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը, 

4) այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից, 

5) հանրային ծառայությունների համարանիշը, 

6) մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը:

Ատեստավորմանը կարող են մասնակցել նաև որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող, սակայն մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձիք:

Նշյալ մանկավարժական աշխատողները ատեստավորմանը մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը՝

1) անունը, ազգանունը, հայրանունը, 

2) կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ), 

3) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք, 

4) բնակության վայրը (մարզը, համայնքը), 

5) ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել, 

6) հանրային ծառայությունների համարանիշը, 

7) էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։ 

Մանկավարժական աշխատողների ատեստավորումն իրականացվելու է գրավոր՝ թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:

Ատեստավորման արդյունքները կհրապարակվեն ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ 

Անկախ դասավանդման ուղղությունների քանակից` մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ անգամ` մեկ ուղղությամբ (իր ընտրությամբ):

Ատեստավորման կարգին և պահանջներին, ինչպես նաև հայտերի ներկայացման մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող փաստաթղթից և «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից»: 

Ատեստավորման քննության թեստի ուղեցույցներին կարելի է ծանոթանալ ԿԳՄՍ նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում:

Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու» N 269-Ն որոշման դրույթների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել