ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի իրազեկումը՝ վիզայի հարցազրույցների վերաբերյալ

ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը, հաշվի առնելով անվտանգության թարմացված ընթացակարգերը, վիզայի հարցազրույցի ներկայացող բոլոր անձանց խնդրում է նշանակված ժամից առնվազն 15 րոպե շուտ գալ։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Որոշ դեպքերում մենք հնարավորություն չենք ունենա սպասարկել 15 րոպե և ավել ուշացած անձանց։

Դեսպանատան շրջակայքում վիզայի համար դիմողների համար կայանատեղի չկա, ըստ այդմ, խնդրում ենք այցը պլանավորել համապատասխանաբար: Վիզայի համար դիմողները կարող են դեսպանատուն մուտք գործել միայն Ծովակալ Իսակովի պողոտայից»,-նշում են ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնից։

Անվտանգության կանոնակարգեր

Դեսպանությունը չի թույլատրում շահագրգիռ կողմերին, ինչպիսիք են ընկերները, հարազատները, փաստաբանները կամ գործնական կապեր ունեցող անձիք, դիմողի հետ մասնակցելու ոչ ներգաղթային վիզայի հարցազրույցներին: Նախքան դեսպանատուն մուտք գործելը բոլոր դիմողները կզննվեն դեսպանատան անվտանգության անձնակազմի կողմից։

ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս չեք կարող ձեզ հետ ունենալ հետևյալ իրերն ու առարկաները․

  •  մարտկոցով աշխատող կամ էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ բջջային հեռախոսներ, թվային օրագրեր, խելացի ժամացույցներ, փեյջերներ, տեսախցիկներ, աուդիո/վիդեո երիզներ, կոմպակտ սկավառակներ, MP3-ներ, ճկուն սկավառակներ, նոութբուք համակարգիչներ կամ դյուրակիր ​​նվագարկիչներ․
  • ուսի խոշոր պայուսակներ. թույլատրվում են միայն ձեռքի փոքր պայուսակներ
  • մեծ պայուսակներ, օրինակ՝ ճամփորդական պայուսակներ, ուսապարկեր, ճամպրուկներ, կաշվե, կտորե պայուսակներ, փակվող թղթապանակներ․ կարող եք ձեզ հետ ունենալ միայն պլաստիկ տոպրակ, որտեղ դիմումի հետ կապված փաստաթղթերն են․
  • ուտելիք և հեղուկներ․
  • կնքված ծրարներ կամ փաթեթներ․
  • սիգարետներ, սիգարներ, լուցկու տուփեր, կրակայրիչներ․
  • սուր առարկաներ, օրինակ՝  մկրատ, ծալովի դանակ կամ եղունգների խարտոց․
  • զենք կամ պայթուցիկ նյութեր։

Սա ամբողջական և սպառիչ ցանկ չէ և տեղում՝ անվտանգության անձնակազմի հայեցողությամբ, կարող են արգելվել նաև այլ իրեր:

ԱՄՆ դեսպանատանն արգելված  իրերը ժամանակավոր ի պահ հանձնելու հարմարություններ չկան, ուստի դուք պետք է մուտք գործեք արդեն իսկ ձեզ հետ չունենալով այդ իրերը։ Եթե ​​դեսպանատուն եք ներկայացել ճամպրուկներով կամ ճամփորդական պայուսակներով, ապա ձեզ չեն ընդունի և հարկ կլինի հարցազրույցի նոր օր նշանակել։

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ դեսպանատանը չի գործում տեղեկատու պատուհանիկ պատահական այցելուների համար։ Դեսպանատուն մուտք գործել կարող են միայն վիզայի դիմում ներկայացրած և տվյալ օրվա համար հարցազրույց նշանակած անձինք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել