Բավականին շատ մարդիկ Apple-ի կողմից նամակ են ստացել, որ պետական հաքերների հնարավոր զոհեր են․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է, որ Apple նոր մեյլեր է ուղարկում բաժանորդներին՝  Pegasus վարակվածներին (կամ, առնվազն, փորձ է եղել վարակման)։

Նրա խոսքով՝ նման «վարակումներ» եղել են անցյալ տարի՝ աշնանը։

«Կարծում եմ՝ Ադրբեջանն է իրականացրել տվյալների հավաքագրում՝ կապված Արցախի դեմ իրենց գործողությունների վերաբերյալ։ Տվյալ պահին մենք արդեն մի քանի նման մարդկանց մասին գիտենք Հայաստանում։ Կարծում եմ, ցանկը լավ կմեծանա։ Փող չեն ափսոսում մեր հարևանշիստերը»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է գրառմանը՝ նշելով, որ ինքը ևս ծանուցվել է այդ մասին։

«Եվ այսպես, Հայաստանում բավականին շատ մարդ գիշերը ստացել է Apple կողմից նամակներ այն մասին, որ իրենք պետական հաքերների հնարավոր զոհեր են։ Ինչ է սա նշանակում և ինչ անել։

1. Սա Pegasus լրտեսական ծրագրով, վիրուսով վարակման, կամ վարակման փորձի մասին է խոսում։

2. Դա չի նշանակում, որ հիմա Պեգասուս կա հեռախոսի մեջ, այլ խոսքը աշնանային հարձակման մասին է։

3. Ամենայն հավանականությամբ սա Ադրբեջանի գործն է։ Անում եմ հետեւությունը զոհերի ցանկից եւ նրանից, որ Ադրբեջանը ապացուցված է որպես ակտիվ կիրառող։ Նաեւ մեր միջազգային կազմակերպությունների որոշ գործընկերները նույն կարծիքի են։ Հստակ ապացույցներ չկան, եւ դժվար էլ լինեն, քանի որ վարակումը կատարում է պատվիրատուի ցանկությամբ իսրայելական կազմակերպությունը, դրա համար թելերը կտրվում են։

4. Ինչ անել։ Մանրամասները տեսանյութում։ Եթե ուզում եք հեռախոսը հետազոտվի, պարզվի, թե եղել է վարակում, երբ է եղել, ապա դիմեք կամ մեզ Cyberhub.am, Արթուր Պապյանին կամ ինձ։ Կամ մեր գործընկերոջը, Ռուբեն Մուրադյանին»,-մանրամասնել է Սամվել Մարտիրոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել