Գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է. նախարար

Գիտության ոլորտում մեր կարևոր խնդիրներից մեկը երիտասարդ գիտնականների մուտքը խրախուսելն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նախորդ տարի Գիտության կոմիտեի կողմից կազմակերպված չորս տարբեր մրցույթների արդյունքում ֆինանսավորվել է 86 ծրագիր, որոնցում ներգրավված են 286 անդամ, որից 211-ը՝ երիտասարդ գիտնականներ (73.7%, մինչև 35 տարեկան)։ Ծրագրերից 69-ի (80.2%) ղեկավարները երիտասարդ գիտնականներ են:

Ընդ որում, առաջին անգամ իրականացվել է Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը, որի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 11 երկրներից 18 գիտնականների ներկայացրած թեմաներ (գիտնականներից 9-ը հայազգի չեն, իսկ ՀՀ-ում հիմնադրվող ստորաբաժանումների ղեկավարներից 9-ը կանայք են)։ Յուրաքանչյուր ծրագրին հատկացվել է մինչև 152.5 միլիոն ՀՀ դրամ։

Առաջին անգամ իրականացվել է նաև Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիրը, որի արդյունքում 2022 թվականի հոկտեմբեր ամսից ֆինանսավորման են երաշխավորվել Սփյուռքից Հայաստան տեղափոխված 4 և ՌԴ-ից Հայաստան տեղափոխված 1 գիտնականների գիտական թեմաներ՝յուրաքանչյուրը 175 միլիոն ՀՀ դրամ ծավալով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել