Այսօր Սուրբ Սարգսի տոնն է՝ Երիտասարդների օրհնության օրը

Այսօր՝ փետրվարի 4-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի օրը։ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:

Qahana.am-ը հայտնում է, որ  Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին:

Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

________

Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու դեմ հալածանքներ, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:
Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայված նվիրումն առ Աստված, սրբի աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:

Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:

Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա:

Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել