Իմացե՛ք ավելին պարզ և բարդ ընթացակարգերով տրվող լիցենզիաների մասին

Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:

Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:

Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:

Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:

Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:

Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:

Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:

Բարդ լիցենզիաները տրվում են միայն «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել