«Մալաթիա» տոնավաճառը կփակվի

«Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի. տնտեսվարողը տեսչականի արձանագրած խախտումները չի վերացրել։ Տոնավաճառում չեն պահպանվում հրդեհային անվտանգության կանոնները։

«Տնտեսվարողը պաշտոնապես գրություն էր ուղարկել տեսչական մարմնին և աշխատանքը ներկայացրել կատարված։ Իրավիճակը տեղում ուսումնասիրել է տեսչական մարմինը և գնահատել ոչ բավարար։ Անցած ուրբաթ օրը ծանուցվել է, որ կատարված աշխատանքը բավարար չէ, և անհրաժեշտ է դադարեցնել գործունեությունը»,- ասել է ՔՏՀԱ տեսչական մարմնի իրազեկման բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։

Որոշումն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին։

Հիշեցնենք, որ 2022-ի օգոստոսի 14-ին խոշոր պայթյուն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում։

Տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել