Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը։ Փաստորեն սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։ Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021-ի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021թ. դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ»,–ասել է Միրզոյանը։
Նա նաեւ ընդգծել է. «Հարաբերությունների կարգավորման երկրորդ ուղղությունը սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքն է։ Հանձնաժողովները ստեղծվել են 2021 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժումից և դրան հաջորդած՝ Հայաստանի տարածքների օկուպացիայից հետո։
Հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։ Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը:
Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը: Նախ, չնայած Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի և Եվրոպական Խորհրդի նախագահի կողմից հյուրընկալված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որ հանձնաժողովը պետք է ունենա երկակի մանդատ և աշխատի սահմանազատման և սահմանակից տարածքների անվտանգության կայուն իրավիճակի շուրջ, Ադրբեջանը հրաժարվեց հանձնաժողովների վերնագրում ներառել «սահմանային անվտանգություն» տերմինը, ինչը բացահայտ ցույց էր տալիս նրա իրական մտադրությունները: Այնուհետև՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում Հայաստանի Հանրապետության հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։ Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։
Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նույնպես եղել են միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներ։
Այս համատեքստում, օգտվելով առիթից, ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Լեհաստանի նախագահությանը, Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Եռյակին և Անվտանգության համագործակցության ֆորումի նախագահությանը տեղում իրավիճակը գնահատելու նպատակով ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելություն Հայաստան գործուղելու համար, ինչպես նաև բարձր գնահատել առաքելության բոլոր աջակիցների ջանքերը: Առաքելության զեկույցը հստակորեն բացահայտեց ավերածությունների ծավալն ու խորությունը, և մենք ի գիտություն ընդունեցինք դրանում պարունակվող եզրակացություններն ու հանձնարարականները, որոնք, մեր կարծիքով, պետք է ծառայեն որպես ելակետ Հայաստանի հետ ԵԱՀԿ գործադիր կառույցների հետագա աշխատանքների և ներգրավվածության համար։
Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Եվրամիությանը՝ Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու համար։ Մենք պատրաստ ենք այս հարցում հետագա համագործակցության։
Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։
Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ»: